ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը. քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքական արձանագրումը, որ կարեւոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետեւողական, եւ այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, եւ սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել»:

Բայց, արի ու տես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այնքան էլ չի կիսում ՀՀ վարչապետի տեսակետը: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Հայկ Մարությանը ստանձնել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը ու դրան զուգահեռ Մարությանը տնօրինել է իր ՍՊԸ-ն: Փաստաթղթերում առկա տեղակատվության համաձայն` ընկերությունը հիմնադրվել է դեռեւս 2010 թվականին, սակայն քաղաքապետը իր պաշտոնավորումից հետո չի դադարեցրել տնօրենի իր գործառույթները` այդկերպ խախտելով օրենքը:

Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Նույն օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`(….) 2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում»: Այսինքն` շուրջ մեկ տարի ու մի քանի ամսի է` քաղաքապետը օրենք է խախտում, որի մասին որեւէ մեկին հայտնի չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել, արդյոք քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնից բացի այլ պաշտոն զբաղեցնում է, թե ոչ, ու արդյոք այլ եկամուտ ստանում է, բացի քաղաքապետի իր աշխատավարձից: Վարչությունից պատասխանել են. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացի քաղաքապետի պաշտոնից որեւէ այլ պաշտոն չի զբաղեցնում: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եկամուտների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի etics.am կայքում»:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել իր եղբորը: Բայց պարզ է, որ Հ. Մարությանը դրանով չի կարող համարել, որ հարցը լուծված է, քանի որ վերջինս շուրջ մեկ տարի օրենք է խախտել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս