Ասում են՝ վատ Ձմեռ պապիկ չեմ. Վիգեն Ստեփանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա զրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է: Նա նշեց, որ մոռացել է՝ երբ է վերջին անգամ սրտի տրոփյունով սպասել Ամանորի գալստին. «Մանուկ ժամանակ շատ էի սպասում Նոր տարվան, հայրիկիս հետ տոնածառ էի զարդարում. շատ լավ հիշում եմ այդ պահերը: Բայց երբ մեծացանք, սկսեցինք մենք երեխաներին հրաշքներ մատուցել, բեմադրել ամանորյա ներկայացումներ: Նոր տարին ինձ համար ոչ թե նվերների, հրաշքների սպասումն է, այլ մեծ հույսի տոն է, հույսով եմ լցվում, որ գալիք տարում կկարողանամ իրականացնել գաղափարներս, կունենամ նոր հանդիպումներ, կլինեն ոգեւորող նորություններ»:

Պարոն Ստեփանյանը տարիներ շարունակ եղել է Ձմեռ պապիկ, բայց ոչ բեմում. «Ասում են՝ վատ Ձմեռ պապիկ չեմ: Համագործակցել եմ մանկապարտեզների հետ: Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ աղջկաս մանկապարտեզում Ձմեռ պապիկ էր պետք, եւ ես համաձայնեցի Ձմեռ պապիկ լինել: Դրանից հետո արդեն այդ աշխատանքը դարձավ գումար աշխատելու միջոց: Ժամանակին մեքենա ունեի, մորուքով, գլխարկով նստում էի ղեկին, եւ բոլորը զիջում էին Ձմեռ պապիկին, ճանապարհ էին տալիս»:

Բեմադրիչը շեշտեց՝ Ամանորը ուտելու հետ չի կապում, հատուկ չի սպասում ամանորյա ուտեստների պատրաստմանը, փոխարենը իր համար մեծ նշանակություն ունի նվերներ պատարստելու գործընթացը. «Մարդը պետք է Նոր տարի մտնի նոր նվերով: Հիմա ընտանիքում, ցավոք, մնացել ենք ես եւ կինս. երեխաներս արտերկրում են, տղայիս ընտանիքը՝ Միացյալ Նահանգներում, դստերս ընտանիքը՝ Ֆրանսիայում, ունեմ չորս թոռ: Մի անգամ բոլորը հավաքվել էին Երեւանում, եւ դա, իրոք, մեծ տոն էր, բայց հիմա մարդ ու կին նստելու ենք հեռուստացույց դիտենք»:

2020 թվականին պարոն Ստեփանյանը հայ ժողովրդի համար մեկ մաղթանք ունի՝ որ հայը գիտակցի՝ ո՛չ Երեւանը, ո՛չ Հայաստանը չի կարելի կիսել սեւերի ու սպիտակների, լավերի ու վատերի. «Մենք բոլորս մի երկրի քաղաքացիներ ենք եւ միասին պետք է կառուցենք մեր երկիրը: Դա ամենակարեւորն է»,- եզրափակեց պարոն Ստեփանյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս