Ընտրությունների ձևը կփոխվի. նոր փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է մշակել եւ քննարկման դրել e-draft համակարգում:

Ըստ այդ նախագծի` առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ սահմանադրական օրենքներում, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել.

– մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ,

– 4000 եւ ավելի ընտրող ունեցող եւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ:

Բացի այս, համայնքների ավագանին բաղկացած է լինելու 5 անդամից մինչեւ 1 000 ընտրող ունեցող համայնքում, 7 անդամից` 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքում, 9 անդամից` 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում, 15 անդամից` 4 000-ից մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 9-ի եւ 11-ի փոխարեն), 21 անդամից` 10 000-ից մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն), 33 անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն` բացառությամբ Գյումրու եւ Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը 33 է), Երեւանում` 65 անդամից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 3 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 5 տոկոս` գործող 8-ի փոխարեն, եւ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 (5) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 4-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 4 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 4 կուսակցություն (կուսակցությունների դաշինք)):

Իսկ, ահա, ՀՀ ընտրական օրենսգիրքը կլրացվի նոր` 7-րդ բաժնով, եւ կսահմանվի համայնքի ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի ընտրության անցկացման կարգը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվում է անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին քաղաքական կոալիցիա կազմելու եւ համայնքի ղեկավարի միասնական թելնածու առաջադրելու հնարավորություն տալ: Բացի այս, առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների (դաշինքների) կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին, տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա:

Նաեւ առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երեւանի քաղաքապետի ընտրության հետ կապված կարգավորումները ճանաչել ուժը կորցրած եւ այդ կառուցակարգերը սահմանել ՀՀ ընտրական օրենսգրքով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերի ընդունման արդյունքում 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների մասով կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկություն: Այսինքն, կգործի համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը:

Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու եւ համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլեւ հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է` «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ» (ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մաս):

Իսկ, ահա, 4 000-ից ավելի ընտրող ունեցող, մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում անցում կկատարվի համայնքի ավագանու ընտրության ամբողջական համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն քաղաքական ներգրավվածություն եւ ուժերի հարաբերակցություն: Ասել է թե` այս ամենի արդյունքում համայնքի ավագանու ինստիտուտը, ի վերջո, կզարգանա:

Այլ կերպ ասած, հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի եւ կնշանակի համայնքի ղեկավարին, հետեւաբար համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջեւ:

Բայց, մյուս կողմից, պետք է զգուշանալ, քանի որ հնարավոր է, որ այս ամենի արդյունքում համայնքի ղեկավարը ավագանու անդամների ձեռքին կարող է դառնալ խամաճիկ: Չի բացառվում, որ համայնքի ղեկավարին սպառնալիքի տակ պահելով` կարող են նրան «կառավարել» եւ իրենց գործերը առաջ տանել: Այս ամենից հետո չի բացառվում նաեւ, որ շատերը հրաժարվեն համայնքի ղեկավարի պաշտոնից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս