ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Առողջապահության նախարարությունը խնամքով թաքցնում նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է «ազատվել» իր տեղակալներից: Ավելին, նա նախարարությունը «լցնում է» իր ընկերներով, մտերիմներով: Երեկ պարզ դարձավ, որ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատվել է Լեւոն Հակոբյանը: Ի դեպ, Հակոբյանը մի քանի տարի աշխատել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում, իսկ այս տարվա մարտին նա նշանակվել է փոխնախարար: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` նախարարի տեղակալ է նշանակվել նախարարության գլխավոր քարտուղարի ԺՊ Արտյոմ Սմբատյանը: Նրա նշանակման լուրը նախարարությունում չեն ողջունել:

Ավելին, խիստ զայրացած են, քանի որ Սմբատյանին չեն վստահում. ըստ որոշ տեղեկությունների՝ Սմբատյանը նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում:

Ի դեպ, Առողջապահության նախարարությունը նրա կենսագրական տվյալները խնամքով թաքցնում է: Երեկ ողջ օրվա ընթացքում Արտյոմ Սմբատյանը նախարարության պաշտոնական կայքէջում որպես տեղակալ է եղել, բայց կենսագրությունը չկար, բացակայում էր: Ի դեպ, այդ ժամանակ նույն նախարարության գլխավոր քարտուղարի ԺՊ-ի կենսագրական տվյալները եւս բացակայել են: Թորոսյանն այս տարեսկզբին ջանքեր էր գործադրում Սմբատյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար, սակայն նրան դա չհաջողվեց: Վերջինս հայտնվեց գլխավոր քարտուղարի ԺՊ-ի պաշտոնում:

Այդ պատճառով Թորոսյանն անգամ աշխատանքից ազատել էր աշխատակազմի ղեկավար Հարություն Հարությունյանին: Մյուս կողմից, նշենք, որ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 23-ին, մրցույթ պետք է տեղի ունենա, որին մասնակցելու համար դիմել է երեք հոգի՝ Նունե Մարտիկյանը, Արման Ոսկանյանը եւ Վարդան Գրիգորյանը: Ինչպես տեսնում եք, Սմբատյանը բացակայում է գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարողների ցանկից:

Ըստ որոշ տեղեկությունների` նրա՝ մրցույթին չմասնակցելու պատճառն այն է, որ չի համապատասխանել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված, օրենքով սահմանված պահանջներին: Ստացվում է, որ Սմբատյանն ուղղակի աշխատել է այդ պաշտոնում` ստանալով աշխատավարձ, բայց միաժամանակ չի համապատասխանել պահանջներին, կամ էլ նախարարը, իր ընկերոջը մի քանի ամիս պահելով, ի վերջո, տեղավորել է իր մոտ ավելի հարմար աշխատանքի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս