«Դալմա Գարդեն» մոլում հունվարի 9-ին արտակարգ իրավիճակ էր: Ներսում աշխատակիցները շենքի շարժ էին զգացել, ինչի համար բոլոր աշխատակիցները եւ ներսում գտնվող անձինք տարհանվել էին: Երկար ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո այն հերքվեց:
Պաշտոնապես տեղեկություն հաղորդվեց, թե տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով է նման դող զգացվել:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ որոշ տեղեկություններ, թե իրականում շենքը կառուցվել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, ինչի համար էլ նման ցնցում է եղել:
Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աշխատակիցների շրջանում տեղեկություններ են տարածվել, թե կա ծրագիր՝ «Դալմա Գարդեն» մոլի տարածքում ժամանցային կետեր բացելու, մասնավորապես՝ սահադաշտ, սննդի կետ և այլն:
3-րդ հարկում շինաշխատանքներ են իրականացվելու, հիմա ինչ-որ գործընթացներ արդեն իսկ սկսել են, որոշակի հատված սալիկապատվել է:
Չի բացառվում, որ ցնցումները զգացվել են դրա պատճառով:
Եվ չնայած երեկ «Դալմա Գարդեն» մոլը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե աշխատանքները կվերսկսեն 7-10 օրվա ընթացքում, և մտահոգություն առաջացնող խնդիր չկա, այդուհանդերձ աշխատակիցները համոզված են, որ 10 օրից իրենք չեն աշխատելու, քանի որ խնդիրը լուրջ է: