Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցած ասուլիսին ևս մեկ անգամ անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության քննադատություններին՝ կապված Երևանի քաղաքապետարանին Կամազներ նվիրելու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժոողվի կազմը հաստատելու մասին նախագիծը չընդունելուն։

Այսօր Կապանում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին` նշելով, որ ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսա, թող մեր որոշ գործընկերները այդ պահին խոսեն տանձից, խնձորից և այլն։ Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե՞ չէ։ Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում, թող ինքը ընտրի, մենք որևէ պրոբլեմ չունենք:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը` գրելով.

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ մտքերի

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։ Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։ Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։

Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում և չի ուզում փոխել։ Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, ապա անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։ Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաև ինձ տեղը բերել։ Պարո՛ն Վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի՛ մոռացեք և ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը:

Կհանդիպենք խորհրդարանում:




Լրահոս