«Սասնա ծռերի» անդամները զգուշացնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցներն այսօր փակել էին Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը ։ Վերջիններս պահանջում են «Սասնա ծռերի» 2 անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել:

ArmLur.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարազդատ Մանուկյանը տեղեկացրեց, որ այս պահին բողոքի ակցիան դադարեցված է, այն տևել է ընդամենը 20 րոպե:

«Ի սկզբանե մենք նպատակ չենք ունեցել երկար ժամանակով ճանապարհը փակել, սա նախազգուշական բնույթ էր կրում, ինչպես ասում են, այլևս համբերելու տեղ չկա, համբերության բաժակը լցվել է: Այս տղաներին պետք է ճանաչեն օրենքի առաջ արդար և ազատ արձակեն»,-ասաց նա:

Հարցին՝ այնուամենայնիվ, եթե Ձեր ձեռնարկած միջոցառումները արդյունք չտան, ի՞նչ քայլերի կդիմեք:

Վարազդատ Մանուկյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ երկրի տարբեր հատվածներում կիրականացվեն տարաբնույթ նստացույցեր և ակցիաներ՝ ի աջակցություն Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը կալանավորված են «Արմավիր» ՔԿՀ-ում։ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ:

Հավելենք, որ նրանք մեղադրվում են նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության համար։

Լիդա Եղիազարյան




Լրահոս