ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդական իրավունքից զրկվածները հայտնվել են դատարանի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ճանապարհային ոստիկանությունը փորձում է կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկել՝ տուգանելով նրանց, անգամ ներդնելով հայտնի բալային համակարգը, որով շատ վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից, այնուամենայնիվ, տուգանքներն ու համապատասխան որոշումները կարգի չեն հրավիրում վարորդներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատ վարորդներ, անգամ զրկված լինելով վարորդական իրավունքից, վարել են մեքենաներ եւ հիմա հայտնվել են դատարանի առաջ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն 2020 թվականին դատարանի առաջ են կանգնել 4 անձ: Մասնավորապես, Վարդան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունվարի 08-ից զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով, 2019թ դեկտեմբերի 26-ին նստել է տրանսպորտային միջոց հանդիսացող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եւ Գյումրու մաքսատնից վարելով՝ հասել է մինչեւ Վարդենիս՝ Դիլիջան քաղաքի Կամո փողոցումթույլ տալով նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում:

Հմայակ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2016թ դատավճռով՝ 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2019թ. մարտի 09-ին «Օպել-Զաֆիրա» մակնիշի 89 MA 009 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում ժամը 13:20-ին երթեւեկել է 75 կմ/ժ արագությամբ:

Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ Է վարել ու, 2019թ. հուլիսի 24-ի որոշմամբ, մեկ տարի ժամանակով զրկված է եղել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, սակայն այդ մասին պատշաճ կարգով ծանուցվելուց հետո` 2019 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 23:05-ին, գտնվելով 0,331 մգ/ ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վարել է «Տոյոտա» մակնիշի 35 ZZ 865 հաշվառման համարանիշի ավտոմեքենան. նույնօրը կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Վարդան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունվարի 8-ին կայացված որոշմամբ, վեց ամիս ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ 2019թ. հունվարի 10-ին պատշաճ ծանուցված լինելով այդ մասին, մեքենա է վարել 2019թ. ապրիլի 1-ին՝ ժամը 16:01-ին, Երեւան քաղաքի Սեւակ եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, 2019թ. մայիսի 18-ին՝ ժամը 16:05-ին, ժամը 16:17-ին, Երեւան քաղաքի Հալաբյան փողոցով, Երեւան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկի հատվածով, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ:

Իսկ, ահա, 2019 թվականին դատարանի առաջ են կանգնել 49 անձ, որոնք եւս, կոնկրետ ժամանակահատվածում զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կրկին մեքենա են վարել եւ հայտնվել են մեղադրյալի աթոռին:

Քնար Մանուկյան




Լրահոս