ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԵՏԵՎԵԼ «ՕՍԿԱՐ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց աշխարհի մեծագույն կինոտոներից մեկը. 92-րդ «Օսկարի» մրցանակակիրներն արդեն հայտնի են:

«Լավագույն ֆիլմ» ճանաչվեց հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը»։ Ֆիլմն արժանացավ «Օսկարի» նաեւ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում՝ դառնալով պատմության մեջ օտարալեզու առաջին ֆիլմը, որը հաղթեց գլխավոր անվանակարգում։ «Լավագույն դերասանը» Հոակին Ֆենիքսն է՝ «Ջոկեր» ֆիլմում մարմնավորած դերի համար: «Լավագույն դերասանուհին» Ռենե Զելվեգերն է՝ «Ջուդի» ֆիլմում տաքսու վարորդի դերի համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանը» Բրեդ Փիթն է՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ՝ Հոլիվուդում» ֆիլմում դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար: Արվեստի եւ մշակույթի գործիչները, կինոքննադատներն ու լրագրողները բուռն կերպով քննարկում են «Օսկարի» արդյունքները: Շատերի համար արդյունքները կանխատեսելի էին, սակայն ոմանք, այնուամենայնիվ, այլ ակնկալիքներ ունեին «Օսկար»-ից: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ամենաուշագրավ տեսակետները:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյան
Առաջին անգամ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում նույն ֆիլմն է հաղթում: Ֆիլմը իսկապես շատ լավն է: Առհասարակ, հարավկորեական կինոն 21-րդ դարում լավագույնն է: Այն, թվում է, ռեալիստական, բայց որքա՜ն ալեգորիկ իմաստներ է պարունակում՝ սոցիալական, քաղաքական, բարոյական, մարդկային ու համամարդկային թեմաներ՝ խիստ այժմեական, սուր: Հետաքրքիր ժանրի մեջ արված՝ կիսաողբերգակատակերգական, ֆանտաստիկ ու ռեալիստական ֆիլմ՝ մաքրամաքուր մոնտաժված: Այն լարված պահում է դիտողին մինչեւ վերջ: Ուրախ եմ, որ ամերիկյան կինոակադեմիան այս տարի խիստ է գտնվել, անաչառ, բրավո՝ բացառությամբ կանացի լավագույն դերակատարման ընտրության հարցում՝ ի դեմ Ռենե Զելվեգերի, բայց ավելի լավը այս տարի չկար. լավ կլիներ՝ ոչ ոք էլ չստանար այդ մրցանակը: Ինչ վերաբերում է Հոակին Ֆենիքսին, վերջապես… Կուզեմ շարունակի աշխատել այնպես, ինչպես մինչեւ այս պահն է աշխատել. նրա բոլոր դերերն են արժանի այս եւ ավելի մրցանակների: Այսօրվա թիվ 1 դերասանը: Ուրախ եմ:

Կինոքննադատ Նունե Հախվերդյան
Անասելի ուրախ եմ, որ «Օսկարի» լավագույն ֆիլմը «Մակաբույծներ» է։ Չափ է դրվում, ու դա է հեղափոխականը:

Լրագրող Լիզա Ճաղարյան
Առայժմ ընդամենը չորս ֆիլմ եմ նայել «Օսկարի» հավակնորդներից՝ «Մի անգամ Հոլիվուդում», «Մակաբույծներ», «Ճագար Ջոջո» ու «Ջոքեր»։ Այս չորսից ամենաչհավանածս «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած «Մակաբույծ»-ն է։ «Ջոքեր»-ն էլ էր վատ ֆիլմ, բայց, դե, որտեղ Խոակին Ֆենիքս կա, միեւնույնն է, հմայված նայում ես։ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից հետո հասկացա, որ «արյուն սիրող» Տարանտինոն «բարակ» սիրտ ունի, սիրեցի իրեն։ «Ճագար Ջոջոն», պարզ է, որ հնարավոր չէր առանց հուզմունքի նայել. երեխաներ էին ու պատերազմ։ Ոչ մեկն էլ Օսկարի արժանի չի, բայց «Մակաբու՞յծը»: Էսքանն էլ է հերիք ավելի ու ավելի համոզվելու համար, որ էս «Օսկար» անունով «սիմպո տղան» ձեռից գնացել է։
Հավելենք, որ ընդամենը 7 ամիս առաջ կայացած 16-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծն»-էր (Հարավային Կորեա), որի դիտմանը ներկա էր շուրջ 2000 հյուր աշխարհից եւ Հայաստանից։ Այն ստացավ նաեւ գլխավոր «Օսկար»-ը` ճանաչվելով լավագույն ֆիլմ ու դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ ոչ անգլալեզու առաջին ֆիլմը, որն արժանանում է այս մրցանակին։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

«ԵՐԳԵՐՍ ԿՈՒՂԵԿՑՎԵՆ ՌԵՓՈՎ»

Տեւական ժամանակ է՝ ժողովրդական, ազգային երգերի կատարող Համլետ Գեւորգյանն էկրաններին չի երեւում: Նա նոր երգերով, տեսահոլովակներով հանդես չի գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը Համլետից հետաքրքրվեց՝ ուր է կորել նա եւ ինչով է զբաղված:

Երգիչը պատասխանեց, որ նոր երգեր, տեսահոլովակներ չթողարկելու պատճառն այն է, որ իր ներկայացրած ժանրը ֆինանսական տեսանկյունից չի արդարացնում սպասումները. «Երբ փորձում ես ստեղծել լուրջ արժեքներ, իհարկե, լավ է, բայց արդյունքում ֆինանսապես տկարանում ես: Այդ է պատճառը, որ որոշել եմ փոխել երգերիս բնույթը, հանդես գալ պարային, ուրախ գործերով՝ առանց ազգային երգի շեշտադրումների: Երգերս կուղեկցվեն ռեփով: Կփորձեմ ժամանակակից պահանջներին համապատասխան գործեր ներկայացնել: Հիմա արդեն մի քանի երգ Միացյալ Նահանգներում ստեղծման փուլում են: Այնպես որ, երկրպագուներն առաջիկայում ուրախանալու առիթներ կունենան: Ասպարեզում չեմ երեւում, բայց շոու-բիզնեսից դուրս չեմ եկել»,- մեկնաբանեց Համլետը:
Նա նշեց, որ համերգային հրավերներ ունի արտերկրից: Վերջին անգամ համերգով հանդես է եկել Փարիզում Ալլա Լեւոնյանի հետ:
Հարցին, թե մտահոգիչ չէ արդյոք այն հանգամանքը, որ Հայաստանում, համեմատած նախորդ տարիների հետ, համերգներ քիչ են կազմակերպվում, Համլետը պատասխանեց. «Դրա ամենամեծ պատճառը տոմսերի գինն է, որը չի փակում ծախսերը, իսկ եկամուտի մասին խոսելն ավելորդ է: Համերգի կազմակերպիչները ծախսերը հազիվ են փակում: Ժողովուրդը որքան էլ երգչին սիրի, դեռ բավականաչափ վճարունակ չէ: Ինձ թվում է՝ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի խնդիրը լուծվի»:
Հիշեցնենք, որ Համլետ Գեւորգյանը թողարկել է «Մենք ենք» (2004թ.), «Մեր երգը» (2006թ.), «The Best of Golden Album» (2007թ.), «With The Traces Of Armenian Song» (2008թ.) ձայնասկավառակները, չորս տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՍԱՐԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ
Ինչպես տեղեկացնում են իտալական հեղինակավոր լրատվամիջոցները, Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Նշվում է, որ թիմի նախագահ Ադրեա Անյելին դժգոհ է թիմի վերջին արդյունքներից եւ ցանկանում է հրաժարվել մասնագետի ծառայություններից:Ըստ տեղեկությունների՝ «Ծեր սինյորան» կարող է գլխավորել թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: «Յուվենտուսը» Իտալիայի Ա սերիայի առաջնության երկրորդ հորիզոնականում է՝ վաստակած 54 միավորով, եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում «Ինտերին»:

 

 

 

ԿՈՒՐՏՈՒԱՆ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Լա Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Ռեալը» հունվար ամսին անցկացրել է 3 հանդիպում՝ հաղթելով բոլոր խաղերում: Տիբո Կուրտուան էլ իր հերթին բաց է թողել ընդամենը 1 գոլ: Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի Լա Լիգայի առաջնության առաջատարն է՝ վաստակած 52 միավորով, եւ 3 միավորով առաջ է կատալոնական «Բարսելոնայից»:

 

 

 

ԵՎՍ 3 ԽԱՂ
Երեւանի «Արարատը» Սոչիում անցկացվող հավաքի ընթացքում կանկացնի եւս 3 հանդիպում. այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը: Փետրվարի 13-ին հայկական ակումբի մրցակիցը կլինի ռուսական «Դոլգոպրուդնին», փետրվարի 15-ին՝ «Տագանրոկը», իսկ փետրվարի 16-ին՝ Մոսկվայի «Սպարտակը»: «Արարատը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 4-րդն է՝ 27 միավորով, եւ առաջատար «Լոռիից» հետ է մնում 1 միավորով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս