Հարց քաղաքացիներից` ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման ժամանակ ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը կարո՞ղ է փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման ժամանակ արդյոք ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը կարո՞ղ է փոխվել:

Եպրաքսիա Մարկոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով` մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 150.000 ՀՀ դրամ, երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)՝ 120.000 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 50.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս