Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «ՈՉ»-ի օրակարգը. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասն անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ներկայացրեց այդ քայլին դիմելու իշխանության դրդապատճառները։ Ձեզ բավարարեցի՞ն այն հիմնավորումները, որոնք ներկայացնում էր ՆիկոլՓաշինյանը։

-Այո, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները համոզիչ են. ի վերջո, պետք է գործող Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, ինչին ուղղակիորեն խոչընդոտում է գործող Սահմանադրական դատարանը։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանն իրավացի է այն հարցում, որ եթե չարվեն այս փոփոխությունները, ապա մենք մինչև 2035 թվականը չենք ունենա ամբողջությամբ գործող Սահմանադրություն։

Այդ իմաստով գտնվել է, թերևս, ամենաօպտիմալ լուծումը՝ հանրաքվեն, որը, վստահ եմ, գոնե մասամբ վերջ կդնի երկրում ամիսներ շարունակ տևող սահմանադրական ճգնաժամին։ Ասում եմ՝ մասամբ, որովհետև վստահ եմ՝ միայն հանրաքվեն բավարար չէ սահմանադրական ճգնաժամը խորքային, ինստիտուցիոնալ ճանապարհով հաղթահարելու համար։ Ինչպես բազմաթիվ առիթներով նշել եմ ամիսներ շարունակ, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, երկրում հաստատված սահմանադրական ճգնաժամի համակարգային լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի գործող խորհրդարանը՝ որպես իշխանության առաջնային մանդատ կրող մարմին, իրավաքաղաքական գնահատական տա Սահմանադրական դատարանի անցած երկու տասնամյակների գործունեությանը, պետության ու իշխանության զավթման գործում ՍԴ-ի մեղսակցությանն ու հանցակցությանը։

Այդ գնահատականը չպետք է լինի ուղղակի հռչակագիր, դրան պետք է հետևեն իրավական հետևանքներառնվազն այն պաշտոնյաների վերաբերյալ, ովքեր որոշումներ են կայացրել պետության զավթման գործընթացում։

Միայն այդ իրավաքաղաքական գնահատականի ու դրանից բխող քայլերի արդյունքում մենք կարող ենք ամբողջությամբ ախտորոշել սահմանադրական ճգնաժամն ու լուծումներ գտնել։ Առանց հիմնավոր ախտորոշման՝ լուծումները կլինեն կիսատ, թերի։ Այդ առումով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, անշուշտ, կարևոր հանգրվան է, սակայն որևէ պարագայում չպետք է սահմանափակվել դրանով։

Ընդ որում, մենք պետք է մտածենք ոչ միայն ու գուցե ոչ այնքան ապրիլի 5-ի, այլև ապրիլի 6-ի, դրան հաջորդող ընթացքի մասին։ Նկատի ունեմ, որ չափազանց կարևոր է ոչ միայն Սահմանադրական դատարանի գործող կազմի խնդրի լուծումը, այլ նաև նոր ՍԴ-ի կազմավորումը։

Մեզ պետք չէ ազատվել ՍԴ գործող կազմից և ապագայում ունենալ դարձյալ խնդրահարույց Սահմանադրական դատարան։

Իսկ այդ հեռանակարը բացառելու համար մենք պետք է ամրագրենք ինստիտուցիոնալ լուծումներ, մեխանիզմներ, ինչպիսին, օրինակ, կարող է լինել գաղտնազերծման՝ լյուստրացիայի գործընթացը ՍԴ նոր անդամների համար։

Նրանք պետք է անցնեն այդ ընթացակարգերով, բացի դրանից՝ պետք է ամրագրվեն բարեվարքության նոր կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն անձերի գործոնը։ Մեզ, կրկնում եմ, անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, համակարգային լուծումներ, որոնց արդյունքում անձերն ու պաշտոնյաները կդառնան երկրորդական, և առաջին պլան կմղվեն համակարգերը, այդ թվում և առաջին հերթին՝ հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը։ Այս տեսանկյունից, այո, ապրիլի 5-ի հանրաքվեն անկյունաքարային նշանակություն ունի։

-Այդուհանդերձ, ինչո՞ւ այս փոփոխությունները չկատարվեցին Ազգային ժողովի միջոցով։ Եթե դա հնարավոր էր ու իրավականորեն ընդունելի՝ինչո՞ւ իշխանությունը գնաց հանրաքվեի դիմելու քայլին, որը ենթադրում է ռեսուրսների մեծ ծախս, քաղաքական, հանրային լարվածություն։

-Այո, այս փոփոխությունները կարող էին կատարվել խորհրդարանի միջոցով, իշխող խմբակցության միջոցով, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ։ Չափազանց կարևոր եմ համարում, որ այս սկզբունքային հարցի վճռումը հանձնվել է հասարակության դատին՝ ամենաիրական սահմանադրին։

Դա և՛ չափազանց կարևոր է, և՛, միևնույն ժամանակ, շատ խորհրդանշական։ Նկատի ունեմ այն հանգամանքը, որ քաղաքացին իր քվեով իրենը դարձրած Սահմանադրության հետ վարվելու է միանգամայն այլ կերպ։ Նիկոլ Փաշինյանը ևս այդ հարցազրույցում խոսեց այն մասին, որ, սկսած 1995 թվականից, որևէ Սահմանադրություն չի ունեցել լեգիտիմություն, և այդ առումով չափազանց կարևոր է, որպեսզի ապրիլի 5-ի հանրաքվեով հասարակությունը վերջապես մի անգամ լեգիտիմացնի Սահմանադրություն, իր Սահմանադրությունը, պետության ու քաղաքացու միջև հիմնական ու գլխավոր համաձայնագիրն ու դաշնագիրը։

Այս հանրաքվեն ունի ևս մեկ կարևոր ուղերձ՝ ուղղված Սահմանադրական դատարանի ապագա անդամներին։ Այսօրվա իրադարձությունները որպես օրինակ ունենալով՝ նրանք պետք է գիտակցեն, թե ինչ է լինում սահմանադրական դատարանի հետ, երբ այն ժողովրդավարության պաշտպանից վերածվում է առանձին վերցրած մեկ կուսակցության պաշտպանի։

-Այսինքն՝ ըստ ձեզ՝ այս հանրաքվեն շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան զուտ Սահմանադրական դատարանի գործող կազմի խնդրի լուծո՞ւմը։

-Միանշանակ։ Եթե խնդիրը լիներ զուտ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը, ապա ես համաձայն եմ ձեզ հետ՝ կարելի էր այն լուծել Ազգային ժողովի միջոցով։ Բայց ես խորապես համոզված եմ, որ այս հանրաքվեն ունի շատ ավելի խորքային ու համակարգային նշանակություն, քան սոսկ ՍԴ գործող կազմի փոփոխությունը։ Լայն իմաստով, այս հանրաքվեն պետք է ուղղված լինի երկրում ժողովրդավարության պաշտպանությանն ու կայացմանը։

Միայն այդ դեպքում խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելու մարտավարությունը կարող է արդարացված լինել։ Գործող Սահմանադրական դատարանը ուղղակիորեն խոչընդոտում է երկրում արմատական բարեփոխումների իրականացմանը, գլոբալ առումով՝ հեղափոխական օրակարգի իրացմանը, ինչից ուղղակիորեն բխում է, որ այն վտանգ ու խոչընդոտ է հանդիսանում ժողովրդավարության համար։

Հետևաբար, հանրաքվեի գնալու դրդապատճառները ևս պետք է դասել ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված քայլերի շարքին։ Այս առումով չափազանց կարևոր է, որպեսզիհանրաքվեի քարոզչության ընթացքում քաղաքացիներին հասցվի այն ուղերձը, որ հանրաքվեն ուղղված է ոչ թե ՍԴ գործող կազմի դեմ, այլ այն միջոցառում է հանուն ապագայի, հանուն վաղվա օրվա օրակարգի։ Համենայնդեպս, ես իմ գաղափարակից ու համախոհ ընկերների հետ մասնակցելու եմ քարոզարշավին հենց այդ ուղերձը հասարակությանը փոխանցելու, այդ ուղերձի շուրջը մարդկանց հետ երկխոսելու մղումով։

-Նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սուպերվարչապետական համակարգի մասին՝ հայտարարելով, որ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետություն չի կարող լինել։ Համամի՞տ եք այդ թեզի հետ, արդյո՞ք ժողովրդավարությունն ի զորու է չեզոքացնելու սուպերվարչապետության վտանգները։

-Իրականում, մակերեսային ընկալմամբ, Փաշինյանի ասածները գուցե համոզիչ են։ Նկատի ունեմ նաև իր բերած այն օրինակը, որ եթե լիներ սուպերվարչապետություն,ինքը մեկզանգով ԱԺ-ում կլուծեր Սահմանադրական դատարանի խնդիրը։ Բայց խորքային առումով այս տրամաբանությունը համոզիչ չէ։

Քանի որ սուպերվարչապետությունն ինքնին՝ որպես համակարգ, որպես ինստիտուտ, հակոտնյա է ժողովրդավարությանը։ Գործող սուպերվարչապետության համակարգում ամեն ինչ մեծապես կախված է անձից՝ այդ պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից։

Գուցե Նիկոլ Փաշինյանը, լինելով ավելի ժողովրդավարական, չի օգտագործում այն հնարավորությունները, որոնք տալիս է սուպերվարչապետական համակարգը։ Բայց մեր խնդիրը անձերը չեն։ Իսկ ի՞նչ կլինի վաղը, եթե այդ պաշտոնը զբաղեցնի պակաս ժողովրդավար մեկը։

Ի վերջո, չմոռանանք, որ սուպերվարչապետությունը մշակվել էր Սերժ Սարգսյանի անձի համար, որն ամբողջությամբ հակաժողովրդավարական կերպար էր։ Այնպես որ, պետք է մտածել սուպերվարչապետությունը վերացնելու ինստիտուցիոնալ, համակարգային լուծումների մասին, որոնց արդյունքում ամեն ինչ կախված կլինի ոչ թե անձից ու նրա որակներից, այլ համակարգի ներքին տրամաբանությունից ու մեխանիզմից։

Ես հույս ունեմ, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կանդրադառնա այս հարցերին և ապագայում, երբ պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, մենք կունենանք սուպերվարչապետությունը համակարգային, ինստիտուցիոնալ առումով զսպող նախագիծ։

-Ինչպե՞ս եք գնահատում գործող ընդդիմության, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության դերակատարումը ընթացիկ քաղաքական գործընթացներում, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հարցում ընդդիմության որդեգրած չեզոք դիրքորոշումը։

-Ես կարծում եմ, որ լայն առումով մենք այսօր ընդդիմություն չունենք, քանի որ դժվար է ընդդիմություն համարել ուժերին, որոնք չեն մասնակցում պետության համար այնպիսի կարևորագույն նշանակություն ունեցող գործընթացին, ինչպիսին սահմանադրական հանրաքվեն է։

Իրականում նրանք, չեզոք դիրքորոշում արտահայտելով, ուղղակի կամ անուղղակի կերպով սպասարկում են ՈՉ-ի օրակարգը՝ իրենց այդ վարքագծով տորպեդահարելով ապագայի, վաղվա օրվա օրակարգը։ Իսկ այդ օրակարգը տորպեդահարող գրասենյակն այսօր հենց Սահմանադրական դատարանն է, որին էլ իրենց չեզոքությամբ աջակցում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Գլոբալ առումով, ես ընդդիմության, իրական ընդդիմության բացակայությունը համարում եմ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, որովհետև, առանց կենսունակ ու առողջ ընդդիմության, պետությունը չի կարող զարգանալ։

Եվ այս առումով, կայացած ընդդիմության գոյության մեջ պետք է շահագրգիռ լինի առաջին հերթին իշխանությունը՝ գիտակցելով, որ, առանց ընդդիմության ակնդետ վերահսկողության, չեն կարող իրականացվել երկրի համար այդքան կարևոր արմատական բարեփոխումները։ Այս առումով, ես համարում եմ, որ ապրիլի 5-ի հանրաքվեն նաև քաղաքական դաշտի լյուստրացիա էր. հասարակությունը տեսավ՝ ով ով է, և ով որտեղ է։ Իսկ դա նշանակում է, որ հանրաքվեից հետո տեղի է ունենալու քաղաքական դաշտի նոր սեգմենտավորում, գիծ է քաշվելու անցյալի ու ապագայի ուժերի միջև, և բոլոր այն ուժերը, որոնք այսօր լռությամբ կամ ինչ-ինչ գործողություններով սպասարկում են անցյալի, ռևանշի օրակարգը, հայտնվելու են քաղաքական աղբանոցում։




Լրահոս