ՈՒԵՖԱ-Ի ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՖԱ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային 2020 թվականը արդեն մեկնարկել էր մի շարք սկանդալներով: Այս պահին գլխավոր սկանդալը 2020 թվականի անգլիական «Մանչեստեր Սիթի»-ի որակազրկումն էր եվրագավաթներից: Անգլիայի գործող չեմպիոնը ՈՒԵՖԱ-ի կողմից զրկվել է եվրագավաթներին մասնակցելուց 2 տարի ժամկետով:

Ըստ ֆուտբոլային գերագույն մարմիններից մեկի` մանչեստերցիները խախտել են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, որն էլ դարձել է որակազրկման պատճառ: Ինչպես երեւում է, ներկայիս ֆուտբոլի գրանդներից մեկը կարժանանա շատ ավելի խիստ պատժի: Ինչպես տեղեկացնում են անգլիական հեղինակավոր լրատվամիջոցները, թիմը կարող է ուղարկվել Անգլիայի ուժեղագույն 4-րդ լիգա՝ Անգլիայի 2-րդ լիգա: Պրեմիեր Լիգայից, Չեմպիոնշիփից, 1-ին լիգայից հետո սա 4-րդ ուժեղագույնն է Անգլիայում: Այս սկանդալային զարգացումները քաղաքայիններին կարող են զրկել ամեն ինչից, նույնիսկ աստղային ֆուտբոլիստներից:
Արդեն իսկ կան խոսակցություններ, որ թիմի առաջատար ֆուտբոլիստները ցանկանում են փոխել ակումբային գրանցումը. պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե «Մանչեստեր Սիթի»-ն հեռացվի նաեւ Պրեմիեր լիգայից: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան այժմ քննում է այդ հարցը: Ըստ ՈւԵՖԱ-ի՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ֆինանսական մեքենայություններ է կատարել 2012-2016թթ., ինչն էլ նշանակում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կարող է «երկնագույններին» զրկել 2013/14 մրցաշրջանում նվաճած Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթից: Ինչպես հասկացաք, Մանչեստերի կապույտ հատվածում քաոս է տիրում: Վերջին շրջանում անգլիական ֆուտբոլի թագակիրներից մեկը կարող է զրկվել ամեն ինչից եւ կրել ֆինանսական մեծ տույժեր: ՈւԵՖԱ-ն արդեն 30մլն եվրոյով տուգանել է գրանդին, սակայն այս գումարը մյուս սպասվելիք տուգանքների դիմաց բառացիորեն ոչինչ է: Եկեք հիմա չփորձենք գուշակել՝ ԱՖԱ-ն որքան կտուգանի «Սիթի»-ին, ուղղակի հասկանանք՝ ինչ վիճակում կհայտնվի թիմը, եթե հեռացվի Պրեմիեր լիգայից: Մանչեստրյան ակումբի հեռացվել-չհեռացվելը պարզ կդառնա այս մրցաշրջանի ավարտից հետո, երբ բրիտանական ակումբները ֆինանսական հաշվետվություն ներկայացնեն անգլիական ֆուտբոլի գերագույն մարմիններին:
Եթե, այնուամենայնիվ, ակումբը խուսափի նման պատժից, միեւնույնն է, մեծ խնդիրներ, այսպես, թե այնպես, կունենա: Չեմպիոնների լիգային չմասնակցելը ոչ միայն ֆինանսական վնասներ կհասցնի մանչեստրյան թիմին, այլ նաեւ կնպաստի առաջատարների արտագաղթման գործընթացին: Անգլիական պարբերականները նշում են, որ «Մանչեստեր Սիթի»-ն կարող են լքել Սերխիո Ագուերոն, Գաբրիել Ժեժուսը, Բերնարդու Սիլվան, Լերոյ Սանեն եւ Ռահեմ Ստերլինգը: Վերջինիս համար աստղաբաշխական գումարներ է պատրաստել Մադրիդի «Ռեալ»-ը, որն ամեն կերպ ցանկանում է գտնել նոր Ռոնալդուի: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն խոսել է թիմի որակազրկման մասին եւ նշել, որ ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ մինչեւ իր պայմանագրի ավարտը, սակայն իտալական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ մրցաշրջանի ավարտին Պեպը կգլխավորի Թուրինի «Յուվենտուս»-ը:
Մանչեստրյան ակումբի ամենագլխավոր նպատակը վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելն էր: Փաստորեն, ակումբը առաջիկա 3 տարվա մեջ շանսեր կունենա միայն մեկ անգամ. դա այս մրցաշրանն է, որտեղ թիմը 1/8 եզրափակչում հանդիպելու է Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ին: Ավելի մոտիվացված լինել ուղղակի անհնար է. սա, հնարավոր է, անգլիական թիմի՝ Եվրոպան նվաճելու վերջին հնարավորությունն է: Պարզից էլ պարզ է՝ դեռ շատ խմորումներ կլինեն, իսկ այն, որ «Սիթի»-ն ջրից դուրս կգա չոր, քիչ հավանական է:
Այսպիսով, մանչեստրյան նավը անդունդի եզրին է. այն խորտակումից կարող է փրկել միայն թիմի մարզչի եւ ֆուտբոլիստների անձնազոհությունը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՆԵՂԱՑԱԾ Է ԵՂԵԼ, ԲՈՂՈՔԵԼ Է

Նախօրեին հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Վերջինս նշել էր. «Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում»:

Իսկ, ահա, մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար:
ArmLur.am-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Գեւորգ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչն էր պատճառը, որ ազատման դիմում ներկայացրիք: Համենայնդեպս, մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ Դուք հրաժարական եք տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար:
-Քաղաքապետարանը դիմում-բողոք է ներկայացրել Աջափնյակի թաղապետարանի նախկին աշխատակիցներից մեկի՝ Սերոբ Սարգսյանի կողմից, եւ իր արձանագրություն կազմելուց հետո ես տվել եմ շինթույլտվություն: Ես այդ ամեն ինչի մասին արդեն բացատրագիր գրել եմ:
Սեպտեմբերի 24-ին քաղաքացին մեզ մոտ դիմում է գրել շինթույլտվություն ստանալու համար, որը 2-3 օրվա ընթացքում հաստատվում է կամ մերժվում: Ամսի 27-ին ստորագրել եմ՝ թույլ տալով իրականացնել շինարարություն, որը բոլոր նորմերին համապատասխանում է: Տեսուչը՝ Սերոբ Սարգսյանը, բողոք է ներկայացրել քաղաքապետարան, իսկ նա աշխատանքից հեռացվել է հոկտեմբերի 1-ին կրճատումների հետեւանքով:
-Ինչո՞ւ է Սերոբ Սարգսյանը Ձեր դեմ Երեւանի քաղաքապետարան դիմում-բողոք ներկայացրել: Ի՞նչ է պատահել:
-Չգիտեմ, երեւի նեղացած է:
-Ինչի՞ց է նեղացած:
-Այս պահին չեմ կարող ասել, իր ներկայացմամբ՝ սեպտեմբերի 26-ին նա արձանագրություն է կազմել, իսկ ես 27-ին տվել եմ շինթույլտվություն, բայց այդ արձանագրության մասին ես իմացել եմ դեկտեմբերին, որը կազմված էր թերի, քանի որ ես շինթույլտվություն տվել եմ 27-ին դատարկ հողի համար:
-Ոստիկանությունում, քաղաքապետարանի կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա, նյութեր են նախապատրաստվում: Ձեր մասնակցությամբ քննչական գործողություն կատարվե՞լ է:
-Տեղյակ եմ, որ քաղաքապետարանը փաստաթղթերն ուղարկել է ոստիկանություն, բայց ծանոթ չեմ նյութերի նախապատրաստական աշխատանքներին, թե ինչ փուլում է գտվում, գործ հարուցվելու է, թե ոչ: Ես ոստիկանությունից ծանուցում չեմ ստացել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործողությունները: Աշխատանքի նոր առաջարկներ կա՞ն:
-Տարի 4 ամիս արձակուրդի մեջ չեմ գտնվել, կփորձեմ գոնե մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո հասկանալ: Առաջարկներ կան, բայց առաջիկա մեկ ամսվա ընթացքում աշխատանքի մասին չեմ մտածելու:
Նշենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը, որը նախկինում զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՄՈԴԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Հնարավոր է, որ իշխանություններն ուժ կիրառեն հունիսի 2-ից հետո, եթե ֆերմերները դիմադրություն ցույց տան սպանդանոցների հարցում. այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգորի Գրիգորյանը` հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հունիսի 1-ից հետո ոչ ոք չպետք է դիմի այս հարցով, հնչել է վերջնագրի նման: Փորձագետի խոսքով` այս ձեւով սպանդանոցների կազմակերպումն իշխանությունների հերթական պոպուլիստական հնարքն է, եւ, հնարավոր է, դրա նպատակն է ոլորտը փոխանցել որոշակի խմբի:
«Սպանդանոցների առկայությունը պարտադիր նախապայման է սննդի անվտանգության ապահովման համար, սակայն սպանդանոցների մոդելը, որն առաջարկում է իշխող խմբավորումը, անընդունելի է: Սա անվտանգության խնդիր է, սպանդանոցները պետք է պետական լինեն՝ մասնավոր ընկերության ղեկավարմանը փոխանցված, քանի որ անվտանգությունը չպետք է բիզնես դառնա: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես է կազմակերպվելու կենդանիների տեղափոխությունը ազգային անասնաբուժական համակարգի բացակայության պայմաններում»,- նշել է մասնագետը:

 

 

«ԱՊԱԳԱ»-Ի ՀԱՎԿԻԹՆԵՐ
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 150 արկղ՝ 54000 հատ ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130 000 «Ապագա» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի 19-ը, 20-ը, 22-ը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ Հայաստան է այցելել Ryanair բյուջետային ավիաընկերության մեդիա թիմը: Այցի առաջին տպավորությունները ներկայացվել են «Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» հոդվածում: Դրանում հիշատակվում են Երեւանի մշակութային վայրերը, թանգարաններն ու Մատենադարանը, ինչպես նաեւ ազգային սննդի կետերը եւ այցելությունների հետաքրքիր վայրերը: Հիշեցնենք, որ ընկերությունը դեպի Երեւան չվերթներ է իրականացնում Հռոմից եւ Միլանից, Բեռլինից, Սալոնիկից ու Կիպրոսի Պաֆոս քաղաքից:

 




Լրահոս