ԽՈՇՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՈՎԱԶԴԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ ողջ աշխարհը խառնված է կորոնավիրուսի դեմ պայքարի մեխանիզմների մշակմամբ ու կիրառմամբ, Հայաստանում թաքուն-թաքուն քայլեր են ձեռնարկվում լրատվամիջոցների դեմ: Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու մասին օրենքը դեռ չմարսած՝ այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է այժմ էլ արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել՝ բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Եվ նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում էր, թե հեռուստատեսությունում եւ ռադիոյում բուքմեյքերական ընկերությունների գովազդները նպաստում են խաղամոլների թվի աճին: Հիմա էլ նույնկերպ փորձ է արվում արգելել վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել` այդպիսով աչքի ընկնելով: Եւ շատ հաճախ այդ օրենքները «հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»: Ինչո՞ւ. նույնիսկ եփած հավին է պարզ, որ ինչպես բուքմեյքերական, այնպես էլ վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների ֆինանսական վիճակի, հետեւաբար նաեւ գործունեության վրա: Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունների պարագայում դիմադրությունն այնքան մեծ էր, որ, ի վերջո, թույլատրվեց 3 րոպե գովազդ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակել, ինչպես նաեւ համացանցում, սակայն արտաքին գովազդների ծավալի կրճատմամբ: Հիմա նույն անտրամաբանական ճանապարհով է գնում նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը` առաջարկելով արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով եւ համացանցում: Այսինքն՝ Մանուկյանը ոչ թե ձգտում է անբարեխիղճ վարկ տվողների դեմ պայքարել, քանի որ այնտեղ մեծ շահեր ու խոշոր ձկներ կան, որոնց դեմ պատգամավորն անկարող է, փոխարենը ընկել է լրատվամիջոցների հետեւից, ուզում է գովազդն արգելել: Սա տարակուսելի է այն պատճառով, որ, մի կողմից, իշխանությունն ասում է` մեզ անհրաժեշտ է ունենալ թափանցիկ ֆինանսավորվող ԶԼՄ-ներ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ների օրինական ֆինանսավորման աղբյուրները հերթով փակում են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանից պարզել՝ ինչ տրամաբանությամբ է նախագիծը ներկայացրել: Բազմազբաղ օրենսդիրը, սակայն, խուսափեց պատասխանել մեր հարցադրումներին՝ ասելով, թե նախագծում ամեն ինչ ասված է: Նկատենք, որ այս պատասխանի հեղինակը նույն այն Արտակ Մանուկյանն է, որ մինչ հեղափոխությունը ամեն ինչ կտար, որ իրեն որեւէ լրագրող որեւէ հարց տար, ու ինքն էլ ինքնադրսեւորվեր հակակոռուպցիոն հերթական վերլուծությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ կոռուպցիոն գործարք կա այս նախագծի հետեւում:

 

 

 

2018 թվականի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաեւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ: Օրինակ՝ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, Արթուր Գրիգորյանը՝ 2019թ. մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իսկ, ահա, Սուրեն Ղամբարյանը մի փոքր երկար ճանապարհ է անցել. նա մինչ այդ զբաղեցնում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի օգնական: Իսկ Սարհատ Պետրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ կրկին կադրային բանկի միջոցով այդ պաշտոնին նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ վարչապետն է հսկում այդ գործընթացը եւ հարկ եղած պարագայում հանդիպում հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուների հետ, եւ, ըստ էության, վերջնական որոշումը հենց նա է կատարում: Ավելին, մեր տեղեկություններով՝ վերջերս Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից, կադրերից եւ ցանկանում է թարմացնել այն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցվածք քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում մարտի 11-ին Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ, ահա, ավելի ուշ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք, եւ վերջիններս պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Նրանց խոսքով՝ երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքն այն չի կարողանում որսալ, ոչնչացնել: Նկատենք, որ 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառել էր դա, իսկ, ահա, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ անձնական նամակներին:

 

 

 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետեւանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչեւ մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլեւ մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաեւ լրատվական միջոցներ իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ տանից՝ այդպես խուսափելով նաեւ շփումից այլ մարդկանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաեւ պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների եւ, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաեւ պաշտոնյաների գործուղումները արտերկիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել եւ չեղարկել նրանց գործուղումը: Առաջիկայում կչեղարկվեն նաեւ այլ նախարարների եւ պատգամավորների գործուղումները: Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, եւ առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել եւ դժգոհ ընդհանուր աշխատանքից: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել եւ ամեն քայլից առաջ եւ հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք:




Լրահոս