ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Կատուն, կարծես թե, ինքնամեկուսացել է. հարմար տեղավորվել է մեքենայի վրա եւ վայելում է գարնանային արեւը:

 

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացին Վրաստանում գրանցված ավտոմեքենան ի՞նչ ժամկետով եւ ինչպե՞ս պետք է ներմուծի Հայաստան:

Գրիգոր Մանուկյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետի համաձայն` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով վեց ամիսը չգերազանցող ժամկետում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են որեւէ միջնակարգ դպրոց, ապա նրան որեւէ արտոնություն տրվո՞ւմ է արդյոք հենց նույն դպրոց ընդունվելու հարցում: Եվ ուզում եմ իմանալ՝ արդյոք կարող են դպրոցները միջամտել ընդունելության գործընթացին:

Անի Մարտիրոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը: Հետեւաբար, որեւէ չափանիշ, ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որեւէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել: Եթե քաղաքացին ցանկանում է, որ իր երեխան սովորի հենց իր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:

Հայտնում ենք նաեւ, որ դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նպատակով համակարգում ներդրվել է նաեւ պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես, Երեւանի հիմնական դպրոցների համակարգիչներից մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք՝ եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես՝ հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի եւ ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ:

 

 

 

 

 

 

 




Լրահոս