Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
Բանաձեւի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը դեռեւս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումն իրենց օրակարգում է:
«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից եւս ընդունելու ուղղությամբ:
2019 թ. հոկտեմբերին էլ Չեխիա կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը եւս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հարցն էր բարձրացրել եւ հիմնական քննարկումը ծավալվել էր Հայոց ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ եւ Սենատի փոխխոսնակները հայտնել էին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը։
Չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից քաղաքական ու տնտեսական հսկայական ճնշումներին, արդարության վերականգնման, Ցեղասպանության դատապարտման պատմական իրադարձությունն իրողություն է։
Բանաձեւի ընդունումը դիվանագիտական խողովակների ճիշտ կիրառման, ներկա եւ նախկին դեսպանների ամենօրյա եւ հետեւողական նվիրված աշխատանքի եւ խորհրդարանական բոլոր հարթակներում ձեւավորված ջերմ հարաբերությունների արդյունքն է։
Հայ ժողովուրդն իր երախտագիտությունն է հայտնում բանաձեւի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխին, Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնման եւ դատապարտման նվիրյալ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկային, բոլոր պատգամավորներին եւ չեխ ժողովրդին։