Տնտեսագիտական համալսարանի դասախոսներից մեկը, ով չցանկացավ իր անունը հնչեցնել, դիմել է մեզ և ահազանգում է, որ, ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի կոռուպցիոն կապերի ու հովանավորչության աղմուկով պայմանավորված և չունենալով ըստ էության հակափաստարկներ, այս պահին տնտեսագիտական համալսարանում դեկանների միջոցով դասախոսներին նամակ են ստորագրել տալիս, թե իբր նրանք աջակցում են ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանին, որը հայտնվել է հովանավորչության և գրագողության աղմուկի կենտրոնում:
Դասախոսը պնդում է, որ, քանի որ գործընթացն անմիջապես նախաձեռնվել է ղեկավարության կողմից, շատերն աշխատանքը կորցնելու վախից դրդված կարող են ստորագրել այդ նամակի տակ, ինչի միջոցով ղեկավարությունը փորձելու է մեծ աջակցության պատրանք ստեղծել: Չափազանց հետաքրքիր է, որ նամակը պարունակող ֆայլում որպես հեղինակ նշված է, ոչ ավել, ոչ պակաս, Դիանա անունը: Կարևոր է, որ հանրությունը տեղյակ լինի տնտեսագիտական համալսարանում նախնադարյան այս կարգերի վերահաստատման մասին և հասկանա, թե ինչ է իրականում կատարվում: «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն:
Ս․Հ․