Այս տարվա նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով գործունեություն կարող է իրականացվել կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում:
Հայաստանի ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է հանրային քննարկման դրել, որով ներկայացվում է բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ պահանջները եւ չափանիշները:
Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Ըստ ֆինանսների նախարարության՝ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` ստեղծելով վիճակախաղերով հրապուրվելու վտանգ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆինանսների նախարարությունն առաջարկում է Երեւանի վարչական շրջաններում սահմանել ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի մարզկենտրոնում եւ Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում եւ Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում եւ Մեղրի համայնքում եւ Տավուշի մարզկենտրոնում ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որեւէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:
Նշենք, որ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է նաեւ միջազգային փորձը: Օրինակ՝ Լեհաստանում խաղային հաստատությունները կարող են ձեւավորվել միայն ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, եւ ավելի քան 100 հազար (խաղային դահլիճ կամ բինգո սրահ) խաղային հաստատությունները պետք է հեռացվեն մանկապարտեզներից, դպրոցներից եւ եկեղեցիներից առնվազն 100 մետրով, Ուկրաինայում՝ 50 մետր, Հունգարիայում՝ 200 մետր, Բուլղարիայում `300 մետր:
Բացի այս, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց են տվել, որ մի շարք առաջատար երկրներում սահմանափակումները կիրառվում են՝ կախված բնակչության թվաքանակից, խտությունից. Ֆրանսիայում խաղային հաստատություններ չեն կարող բացվել 500 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում, Պորտուգալիայում՝ մեկ խաղատուն բացել մինչեւ 150 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, երկուսը՝ 150 հազարից մինչեւ 250 հազար, երեքը՝ ավելին, քան 250 հազար բնակիչ:
Իսկ, ահա, մեր հանրապետությունում չափանիշների սահմանման համար հիմք են ծառայել Երեւանի, մարզկենտրոնների բնակչության թվաքանակը, խտությունը, նաեւ հեռավորությունը քաղաքից:
Ս.Հ.
ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Մայիսի լույս 20-ի գիշերը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բացահայտվել է կորոնավիրուսով հիվանդ, որը Նոյեմբերյանում տեղի բնակչի կողմից կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն էր: 1975թ. ծնված տղամարդուն տեղափոխել են Երեւան: Տղամարդը զբաղվում էր տների վերանորոգման արհեստով, նա 4 երեխաների հայր է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հայտնեց, որ բացահայտվել է, որ այդ տղամարդու եւ նրա եղբոր ընտանիքի անդամները եւս վարակված են կորոնավիրուսով: Ընդհանուր առմամբ այդ ընտանիքից կորոնավիրուսով հիվանդ են 10 հոգի: Մայիսի 21-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, ռեանիմացիայի ավտոմեքենայով Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղի բնակիչ 42-ամյա կին, ով վարակված է եղել կորոնավիրուսով: Կինը նաեւ տառապում է շաքարային դիաբետով, նրա վիճակը ծանր է:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը նախատեսված էր 2020 թվականի ապրիլի 14-ին, սակայն կորոնավիրուսի հետեւանքով արտակարգ դրության պատճառով այն չի կայացել: Զորականի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը, ով դպրոցի տնօրենի հավակնորդ է, հայտնեց, որ Զորականի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանը դպրոց չի ներկայանում եւ իրենից չի ընդունում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դպրոցի զարգացման իր ծրագիրը: Խնդրի վերաբերյալ զրույց ունեցանք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանի հետ, ով հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շրջաբերականի մասին: Շրջաբերականում նշված է՝ բոլոր այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնց համար մինչեւ սույն թվականի մարտի 17-ը հայտարարվել է տնօրենի թափուր տեղի մրցույթ, եւ հավակնորդների դիմումների ընդունելության գործընթացը դադարեցվել էր սույն թվականի մարտի17-ից, սույն թվականի մայիսի 26-ից կվերսկսվեն հավակնորդների դիմումների ընդունելության գործընթացը՝ պահպանելով կարգով սահմանված 30-օրյա ժամկետը: Դա վերաբերում է նաեւ Զորականի դպրոցի տնօրենի ընտրությանը: Մ. Ղազումյանը հայտնեց, որ հետաձգված մրցույթների փաստաթղթերի ընդունման ժամկետների, մրցույթների օրերի մասին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում կլինեն հայտարարություններ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ