Արդեն հայտնել ենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Կատարվում է խուզարկություն։ Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների, պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի` Վազգեն Պողոսյանի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։
Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նաև նշեց, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են որոշ ԲՀԿ-ականների տանը։ Պատգամավորը, ինչպես նաև Ծառուկյանի առանձնատանը հավաքված նրա գործընկերները, սա որակում են քաղաքական հետապնդում՝ կապված Ծառուկյանի քննադատության հետ։
Պատգամավորները դուրս են եկել խուզարկության տարածքից: Զոհրաբյանը նշեց, որ իրենցից ոչ ոք չի վախենում կալանավորվելուց:
«Այս իշխանությունը չի ընդունում այլակարծություն: Բարիկադները հաղթահարելով` անցել ենք այստեղ: Կրկնվում է նույն պատմությունը, ինչ որ 15 թվի ժամանակ»,- ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ խուզարկություն են իրականացնում նաև իրենց կուսակցական այլ անդամների տներում: