Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում աշխատակիցները չեն հետևել պարետատան պահանջներին․ ՔԿ նախագահն արձագանքել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի եւ կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում եղել են աշխատակիցներ, որոնք խախտել են պարետատան կողմից հաստատված կարգը, ինչն արձանագրվել է տեսանկարահոնող սարքերով:

Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան՝ Ներքին անվտանգության վարչության եւ Դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին շարունակել մոնիտորինգի իրականացումը, զննել տեսախցիկների արձանագրած խախտումները եւ արդյունքների մասին զեկուցել անձամբ իրեն:

«Պահանջում եմ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը»,- ասել է Հայկ Գրիգորյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետեւող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաեւ վերջիններիս ղեկավարները:

Խախտումների կապակցությամբ որոշում է կայացվել Քննչական կոմիտեի 32 ծառայողի նկատմամբ որպես թույլ տրված խախտման հետեւանք՝ զրկել մեկ ամսվա պարգեւավճարից, իսկ 25 քաղծառյողների նկատմամբ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն եւ տրվել տույժ՝ խիստ նկատողություն:




Լրահոս