Գույքահարկի մասին օրենքում արված փոփոխությունները բուռն քննարկումների եւ յուրահատուկ ֆլեշմոբի պատճառ են դարձել։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։ Դրանց կողմ էր քվեարկել 70, դեմ 11 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Ընդունված նախագծի վերաբերյալ դժգոհությունները շարունակվում են։
Եվ ահա երեկվանից սոցիալական ցանցերում «բնկիկ երևանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Պատգամավորները, հասարակական գործիչները նաև սովորոկան օգտատերեր իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» գրությունը։ Օրինակ այդպիսի գրություն են տեղադրել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը։
Ի պատասխան այս հայտարարությունների, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է քննարկում կազմակերպել։ Նա մասնավորապես հայտարարել է․ « Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։ Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։ Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։ Հ.Գ. – Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում», – գրել է նա։
Հավելենք, որ նոր փոփոխություններով սահմանված գույքահարկի դրույքաչափերը ներկայացված են մի քանի սանդղակներով։
Առաջին շեմ։ Մինչև 10 մլն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 21 հազ. դոլար) արժեցող բնակարաններն են, որոնց տարեկան գույքահարկի դրույքաչափը 0.05%-ն է։ Այսինքն՝ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 5 հազար դրամ։
Երկրորդ շեմ։ 10-25 միլիոն դրամը ներառյալ (մոտ 21-52 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 5 հազար դրամին գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1%-ը։ Ստացվում է, որ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 20 հազար դրամ։
Երրորդ շեմ։ 25-47 մլն դրամ (մոտ 52-97 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 20 հազար դրամ՝ գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2%-ը։ Այստեղ առավելագույնը շեմը տարեկան կկազմի 64 հազար դրամ։
Չորրորդ շեմ։ 47-75 մլն դրամ (մոտ 97-155 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 64 հազար դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4%-ը։ Առավելագույնը ստացվում է տարեկան 176 հազար դրամ։
Հինգերորդ շեմ։ 75-100 մլն դրամ (մոտ 155-207 հազ. դոլար)։ Դրույքաչափ. 176 հազար դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը։ Այսինքն՝ տարեկան առավելագույնը 326 հազար դրամ։
Վեցերորդ շեմ։ 100 մլն դրամ և ավելին (207 հազ. դոլար և ավելին)։ Դրույքաչափը. 326 հազար դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի 1%-ը։
Իսկ անհատական բնակելի տների համար կառավարությունն այլ շեմեր ու դրույքաչափեր է առաջարկում։ Այստեղ ևս վեց շեմ է սահմանվում։
Առաջինը մինչև 7 մլն դրամ (14.5 հազ. դոլար) գնահատվող տներն են, որոնց տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 3500 դրամ։
Երկորդ շեմը 7-23 մլն դրամն (14.5-48 հազ. դոլար)։ Առավելագույնը՝ 19.5 հազար դրամ գույքահարկով։Ամեն հաջորդ շեմով բարձրանում է նաև գույքահարկի չափը։
Երրորդ շեմ։ 23-50 մլն դրամ (48-103.5 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 19.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը։ Առավելագույնը՝ 73.5 հազ. դրամ։
Չորրորդ շեմ։ 50-85 մլն դրամ (103.5-176 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 73.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը։ Առեվելագույնը՝ 213.5 հազար դրամ։
Հինգերորդ շեմ։ 85-120 մլն դրամ (176-248 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 213.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6%-ը։ Առավելագույնը՝ 423.5 հազ. դրամից։
Վեցերորդ շեմում 120 մլն դրամից ավել գնահատվող տներն են, որոնք տարեկան գույքահարկը սկսվելու է նվազագույնը 423.5 հազ. դրամից։
Նաիրա Հովհաննիսյան