Բաբկեն Թունյանը հանդիպելու առաջարկ է արել նաև Հրանտ Թոխատյանին․ ինչ արձագանք է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից համացանցում «բնիկ երևանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Քաղաքական գործիչները, մտավորականներն ու սովորական օգտատերերն իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» գրությունը։  Խոսքը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։

Ավելին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այդ ֆլեշմոբի մասնակիցներին առաջարկել է քննարկում կազմակերպել խորհրդարանում։ Այդ ֆլեշմոբին է միացել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը։

Նա ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Բաբկեն Թունյանը դիմել է նաև անձամբ իրեն, իսկ ինքն առաջարկել է, որ մի քանի հոգով քննարկելու փոխարեն, ավելի ճիշտ կլինի, որպեսզի բոլորի համար միանգամից բացատրվի այդ օրենքը։ Այս պահին այլ մեկնաբանություն նա չցանկացավ տալ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։ Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Սոնա Գևորգյան




Լրահոս