ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆինանսների նախարարի՝ ՀԷԿ-ից ստացված 2 մլն դրամն ու փոխնախարարների ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը: Շարունակելով նախարարների եւ փոխնախարարների շարքը` այսօր կանդրադառնանք Ֆինանսների նախարարությանը:

Այսպիսով, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ունի երկու բնակարան, մեկը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, մյուսը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Նախարարն ունի նաև  2011 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա: Հետաքրքիր է, որ ֆինանսների նախարարը բանկային հաշիվների վրա գումար չունի եւ բոլորը կանխիկ է պահում: Ըստ այդմ, Ջանջուղազյանը որպես կանխիկ դրամ, հայտարարագրել էր 10 մլն 350 հազար դրամ, 25 հազար դոլար եւ 10 հազար եվրո: 2019 թվականի ընթացքում նախարարը ֆինանսների նախարարությունից որպես աշխատավարձ ստացել է 15 մլն դրամ, իսկ Կարբի ջրհոս ՀԷԿ-ից էլ որպես շահաբաժին ստացել է 2 մլն 260 հազար դրամ: Պարզվում է՝ նախարարն այդ ՀԷԿ-ից 10 տոկոսի չափով բաժին ունի:

Նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ունի առանձնատուն Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, եւ 1997 թվականի արտադրության Vaz մակնիշի ավտոմեքենա: Արմեն Հայրապետյանը բանկում ունի 978 հազար դրամ և 5762 դոլար: Իսկ ահա որպես կանխիկ դրամ ունեցել է 1 մլն 700 հազար դրամ և 67 հազար դոլար: Իսկ 2019 թվականի ընթացքում նրա միակ եկամուտը եղել է փոխնախարարի աշխատավարձը՝ 12 մլն դրամի չափով:

Ֆինանսների նախարարի մյուս տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացված հայտարարագրի համաձայն, ունի մեկ անհատական բնակելի տուն՝ Արագածոտնի մարզի Օշական համայնքում, երկու հողամաս՝ նույն  վայրում, մեկ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում եւ մեկ  բնակարան էլ Կենտրոն վարչական շրջանում: Բացի այդ, փոխնախարարը 2019 թվականին 6 մլն 500 հազար դրամով գնել է 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը դրամական միջոցներ ունի թե՛ կանխիկ, թե՛ բանկում: Եվ այսպես, բանկային հաշիվներում փոխնախարարն ունի 850 հազար դրամ եւ 2 մլն 41 հազար դրամ: Իսկ ահա որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 2 հազար եվրո եւ 39 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում Պողոսյանը որպես եկամուտ ստացել է 12 մլն դրամ, փոխառություններից ստացված գումարներ եւ ՊԵԿ-ից էլ 2 մլն 888 հազար դրամ:

Իսկ ահա Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը Ջրվեժում 50 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել եւ նույն գնով էլ որպես նվիրատվություն օտարել նոր կառուցված շինություն: Տարվա վերձի դրությամբ փոխնախարարն ունեցել է մեկ բնակարան Կենտրոնում, մեկ բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւ անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում:  Փոխնախարարի դրամական միջոցները բանկում եղել են 2 մլն 396 հազար դրամ, 2693 եվրո, իսկ կանխիկ՝ 20 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 40 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում նա ունեցել է 15 մլն դրամ աշխատավարձ, Պետական կառավարման ակադեմիայից 570 հազար դրամ, 17 մլն դրամ բանկից, ՊԵԿ-ից 4 մլն դրամ եւ 35 մլն դրամի էլ փոխառություն է ստացել Հակոբ Ազարյանից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս