Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը, նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելով, նշեց, որ հանցագործություն կատարած անձանց ողջ շրջանակը դեռ պարզված չէ. որոշ անձինք գտնվում են հետախուզման մեջ:
«Ներկա փուլում քրեական գործը գտնվում է ակտիվ քննչական եւ դատավարական գործողությունների եւ ապացույցների ձեռքբերման փուլում: Նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում»:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում, ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ էին հնչել, մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հարցին՝ հանցագործություն կատարած անձանց ողջ շրջանակը պարզվել է արդյոք, քննիչը պատասխանեց. «Հանցագործություն կատարած ոչ բոլոր անձինք են պարզվել, բայց հիմնականում ովքեր եղել են զինված, մասնակցություն են ունեցել զանգվածային անկարգություններին եւ փոխհրաձգությանը, նրանց շրջանակն, այո, պարզվել է: Մյուսները գտնվում են հետախուզման մեջ»:
Եվ, ահա, մինչ իրավապահները ակտիվ քննչական գործողություններ են իրականացնում, Armlur.am-ի հետ զրույցում Գավառի միջադեպի գործով կալանավորված Նարեկ Հովհաննիսյանի պաշտպան Արթուր Հարությունյանը հայտնեց, որ հունիսի 29-ին քրեկատարողական հիմնարկից ազատ կարձակվի Նարեկ Հովհաննիսյանը, ներկայացրեց, թե ինչ է կատարվում քրեական գործով.
«Կոնկրետ իմ պաշտպանյալը, լսելով, որ դեպք է եղել, եւ հիվանդանոցում կան մարդիկ, եւ տեսնելով, որ համագյուղացիները շտապում են հիվանդանոց, ինքն էլ որեւէ դիտավորություն որեւէ բան անելու, ուղղակի գնացել է այնտեղ, մտել է հիվանդանոց, մտնողների մեջ է եղել: Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում չի վիճարկում, չի հերքում, որ իմ պաշտպանյալը, ըստ էության, այդ օրը եղել է «Գավառ» բժշկական կենտրոնում, բայց իր կողմից այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի, այսինքն՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն հանցակազմի առկայություն իր կողմից չեն կատարվել»:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Նորատուսի համայնքի շուրջ 287 քաղաքացի ստորագրահավաք են իրականացրել հանուն Նարեկ Հովհաննիսյանի, որ նրա կալանքը երկու ամսով չերկարաձգեն, եւ նրան ազատ արձակեն: Ստորագրահավաքը նպաստել է, որ դատարանը նրան ազատ արձակի, եւ կալանավորվածը հունիսի 29-ին ազատ կարձակվի:
Ի դեպ, միջադեպից երկու ամիս անց կրքերը դեռեւս չեն հանդարտվում, եւ մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ շատ փաստաբաններ հրաժարվում են իրենց պաշտպանյալների անունները հայտնել նրանց կյանքը չվտանգելու համար, իսկ, ահա, որոշ փաստաբաններ էլ հրաժարվում են ստանձնել այս գործով անցնող անձանց պաշտպանությունը, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց դեմ վենդետա կիրականացվի:
Նկատենք, որ դեպքից անցել է 2 ամիս, եւ դեռեւս հայտնի չէ, թե ով պետք է փոխհատուցի հիվանդանոցի ոչնչացված գույքը: Ի պատասխան՝ քննիչը պարզաբանել էր. «26 անձ՝ մեղադրյալ է ներգրավված այս գործով: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, պատասխանները դեռ չեն ստացվել: Ստանալու դեպքում կկազմակերպվի նաեւ փոխհատուցման հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գավառի հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունը ֆինանսապես օգնել է, իրենք ամեն ինչ վերանորոգել են, եւ վերանորոգման վրա ծախսվել է 4 միլիոն դրամ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը դեռեւս մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Ըստ այդմ, որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Ա. Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Հիշեցնենք ՝ Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերեւույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին: Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել եւ միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Արմեն Ամիրյանը, սակայն, նկարագրվածը որակել էր որպես սուտ՝ պնդելով, որ չկա որեւէ մեկը, ով կարող է ասել, թե իրեն գումար է տվել: Եվ, ըստ այդմ, նա հայտարարել էր դատարան դիմելու մասին: Հավելենք, որ այս գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում:
ԿԴԻՄԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը: Այս մասին ArmLur.am-ին հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։ Դատարանից խնդրել ենք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության եւ առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,-ասել է նա։
ՏԱՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանին երեկ ոստիկանները բերման են ենթարկել Սահմանադրական դատարանի մոտից։ Սոնա Աղեկյանը ՍԴ էր գնացել առանց դիմակի, ոստիկանները նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են ցանկացել կազմել, սակայն Աղեկյանը անձնագիր չի ունեցել իր հետ, այդ պատճառով ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժին։ Ս. Աղեկյանը նշել է, որ անձնագրի փոխարեն իր հետ է եղել ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիրը։
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աբովյան քաղաքի բնակչի կողմից ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքից: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է:
Վերջինս իրազեկված եւ տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝ արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները. 2020թ. հունիսի 24-ին 68-ամյա տղամարդն իր կողմից շահագործվող ավտոմեքենայով մատուցել է տաքսի ծառայություններ եւ կատարել ուղեւորափոխադրումներ:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) 1-ին մասով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:
Եվ, ահա, ArmLur.am-ին մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տաքսու վարորդ 68-ամյա տղամարդն իրավապահներին իր չինքնամեկուսացվելու պատճառների մասին կոնկրետ ցուցմունք է տվել եւ հայտնել, որ չի հավատում կորոնավիրուսին, եւ ամեն ինչ սուտ է: Ավելին, տաքսու վարորդը նաեւ իր ցուցմունքում նշել է՝ ինչպես պահի իր ընտանիքը, հացի խնդիր ունի. եթե գնար ինքնամեկուսանար, ո՞վ պետք է տան հացի խնդիրը լուծեր:
Արդյունքում, 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածի հատկանիշներով՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։ Ասել է թե՝ չինքնամեկուսացված տաքսու վարորդին 1-ամսյա կալանք է սպառնում:
Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ