Հաջորդ շաբաթ մանդատի հարցը կքննարկեն. ԼՀԿ-ից մարդ ներկա կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը հունիսի 22-ին գրությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար իր գլխավորած խմբակցության մեկ մանդատը։ «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը», – հայտարարել էր Մարուքյանը:

Armlur.am-ը փորձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել, թե երբ են քննելու ԼՀԿ խմբակցության կողմից ներկայացված դիմումը: Մուկուչյանն ասաց, որ իրենք նախատեսում են հաջորդ շաբաթ նիստ հրավիրել, որի ժամանակ կքննարկեն ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված դիմումը: ԿԸՀ նախագահը հայտարարեց նաեւ, որ իրենք նիստի մասին ծանուցում են ուղարկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ եթե ցանկություն կունենա Մարուքյանը կարող է մասնակցել նիստին, քանի որ դիմումը ինքն է ներկայացրել ԿԸՀ-ին:

Armlur.am լրատվականը զրուցել է նաեւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, պարզելու համար, արդյոք վերջինս պատրաստվում է ներկա գտնվել ԿԸՀ հրավիրած նիստին, որի ժամանակ պետք է քննարկվի իրենց «վերադարձնելու» մանդատի հարցը: «ԿԸՀ-ում մեր ներկայացուցիչը Դավիթ Խաժակյանն է եւ անպայման Խաժակյանը ներկա կգտնվի նիստին, հարցերին կպատասխանի, ինչպես արվում է միշտ»,-եզրափակեց Մարուքյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս