Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հարցաքննվում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս հարցաքննվում է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին: Մինչ դահլիճ մտնելը, նախարարը խոստացել է հարցաքննությունից հետո պատասխանել լրագրողների հարցերին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Իսկ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: