Դեռեւս հունիսի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցել էին, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Նշենք, որ Սմբատ Գոգյանը դեռեւս մայիսի 22-ին ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս շարունակվում է Գոգյանի համար օրակարգային հարց մնալ ՀՊՏՀ արդեն նախկին ռեկտորի պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի աղմկահարույց դոկտորական ատենախոսությանը: Գոգյանը փաստում է, որ Գալոյանի ատենախոսությունում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով Դիանա Գալոյանն զբաղեցնում է իր պաշտոնը։
Նշենք, որ երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով՝ շահարկումներին վերջ տալու համար, որպեսզի մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փուլում է իր հրաժարականի դիմումը, ու արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ նրա օրակարգում դեռեւս Դիանա Գալոյանի ատենախոսությունը բացահայտելն է:
-Պարո՛ն Գոգյան, Դուք մայիսի 22-ին ՀՀ վարչապետին աշխատանքից ազատվելու դիմում էիք ներկայացրել: Ի վերջո, վարչապետն ընդունե՞լ, թե՞ մերժել է Ձեր դիմումը: Ի՞նչ փուլում է այն:
-Հիմա աշխատանքի եմ, չգիտեմ, պետք է վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեմ:
-Դուք չե՞ք հետաքրքրվում, թե Ձեր դիմումը ինչ ճակատագիր է ունեցել:
-Ես մանրամասներից տեղյակ չեմ, չգիտեմ, որ Դուք գրեք, ես կկարդամ արդեն: Դեռեւս ես իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ: Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել եւ պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարեւոր է:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Ձեր օրակարգում դեռեւս շարունակում է մնալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա թարգմանություններ եւ արտագրություններ: Եւ ըստ մեր տեղեկությունների՝ Դուք պատրաստվում եք առաջիկայում փաստեր ներկայացնել այդ առումով գնալ- մնալու պարագայում էլ:
-Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի, կխոսեմ, տեսնենք դեռեւս… Խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երեւի, իսկ փաստերը ինտերնետում առկա է:
-Դիանա Գալոյանն արդեն դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:
-Դե այդ սցենարը սպասելի էր, ինքը պետք է շուտ դուրս գար, դե երեք շաբաթ ձգձգվեց: Ռեկտորի ընտրության օրակարգը ԲՈԿ-ի օրակարգից դուրս է, որպես այդպիսին, բայց հարցը՝ գրագողը պետք է դառնա ռեկտոր, դրա մասին պետք է դիրքորոշում հայտնի նախարարությունը:
-Բայց, ըստ Ձեզ, նախարարությունը նման դիրքորոշում կհայտնի՞:
-Ես հուսով եմ՝ իմ դիրքորոշումը հայտնի է:
-Այս հարցի հետ կապված նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում չունեցա՞ք:
-Ոչ:
-Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո՞ էլ նախարարը չի նախաձեռնել Ձեզ հետ հանդիպում:
-Իրեն հարցրեք:
-Դուք նաեւ հանդիպում եք ունեցել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների հետ, դրանից հետո ի՞նչ փոփոխություն եղավ:
-Այո, Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ հանդիպում ենք ունեցել, ես այդ հանդիպման արձագանքն էլ չիմացա: Հանձնաժողովն էլ վերջում որեւէ բան չասեց, մենք այնտեղ շատ հարցեր էինք քննարկել, բայց հանձնաժողովը չասեց իրա կարծիքը, ես տեղյակ չեմ իրենց կարծիքից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿՆՊԱՍՏԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ՀՀ կառավարությունը մտադիր է նպաստել հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին տարիներին աշնանացան ցորենի ցուցանիշները նվազել են: Օրինակ՝ 2019 թվականին, 2015 թվականի համեմատ, ցանքատարծությունները շուրջ 44,1 տոկոսով, բերքատվության մակարդակը՝ 42 տոկոսով նվազել են, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 տոկոսով՝ կազմելով ընդամենը 110 հազար 300 տոննա: Բացի այս, նվազել է նաեւ ցորենի ինքնաբավության մակարդակը. 2018 թվականին այն կազմել է 31,5 տոկոս՝ 2014 թվականի 48,7 տոկոսի դիմաց։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250 հազարից – 330 հազար տոննա ցորեն։ Սակայն կորոնավիրուսի տարածման հետեւանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը։
Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախատեսվում է պետական աջակցությամբ, աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ խթանել աշնանացան ցորենի արտադրության կազմակերպումը։
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիներին վաճառվող, ինչպես նաեւ ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ Ի դեպ, 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով:
ՍԴ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Հունիսի 25-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան. «Ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես եւ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ ՍԴ ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»: ArmLur.am-ը զանգահարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին՝ պարզելու համար, թե արդյոք ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունվել է, թե ոչ: Սակայն Ղազարյանը մեզ փոխանցեց, որ դիմումը այս պահին մուտք է եղել Սահմանադրական դատարան: Ըստ Ղազարյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխարինող Ալվինա Գյուլումյանը պետք է մուտք եղած նամակը մակագրի որեւէ դատավորի, եւ սահմանված ժամկետում, որը մոտ 20 օր է, դատավորը պետք է որոշի եւ եզրակացություն ներկայացնի, թե արդյոք պետք է մուտք եղած նամակը վարույթ ընդունել, իսկ դա պետք է լինի ՍԴ կողմից հրավիրված հերթական նիստի ժամանակ:
Թե առաջիկայում նամակն ինչ ճակատագրի կարժանանա, դեռ հայտնի չէ, քանի որ առաջիկայում երկար ուսումնասիրման փուլ է սպասվում: Հավելենք, որ Հրայր Թովմասյանն այս պահին գտնվում է 30-օրյա արձակուրդում, սակայն մենք տեղեկացանք, որ նա ունի նաեւ նախորդ տարվանից կուտակված արձակուրդային օրեր եւ ընդհանուր առմամբ կարող է աշխատանքի չգալ մոտ 45 օր:
ԲԱՐԴԱՆՈՒՄ Է
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ Ազգային ժողովում գնալով բարդանում է: Մեր տեղեկություններով՝ օրեցօր ավելանում են կորոնավիրուսով նոր վարակակիր պատգամավորներ, նաեւ օգնականներ: Այսպիսով, մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով է վարակվել նաեւ ԱԺի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը: «Այո՛, թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Պատասխանը երեկ երեկոյան եմ ստացել: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու»,- նշեց նա: Համբարձումյանը նշեց, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի: «Մի երկու օր ցավեր եմ ունեցել եւ վերջ: Բալիկիս մոտ էլ ջերմություն կա, բոլորով հանձնել ենք կորոնավիրուսի թեստ, սակայն երեխայիս թեստի պատասխանը դեռ չի եկել»,-հավելեց նա:
Հավելենք նաեւ, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել նաեւ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, որը խորհրդարանում նստում է Կարեն Համբարձումյանի կողքին: Սակայն Մեխակյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: