ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխելու մասով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, սակայն 1 տարի անց որոշում էր կայացվել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Սակայն մենք տեղեկացանք, որ տեղափոխություններն այսքանով չեն ավարտվել, եւ Արցախի պաշտպանության բանակից ՀՀ պաշտպանության նախարարություն է տեղափոխվել նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գեւորգյանը: Սակայն այլ դրվագներ եւս կան: Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս հանդիպումն ավելի շուտ պետք է կայանար, սակայն պլանները փոխվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Արտակ Դավթյանի՝ պաշտոնից ազատման պատճառով, եւ նոր հանդիպումը նշանակվել է արդեն հուլիսի 4-ին: Հավելենք, սակայն, որ Արցախից Հայաստան տեղափոխությունները այսքանով չեն ավարտվելու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ Եկեղեցու պատմություն առարկան այլեւս դպրոցներում չդասավանդելու եւ թե՛ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված: Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը: Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռեւս անհայտ է: Իսկ ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով  դեռեւս քննարկումներ են. նախագիծը նաեւ ներկայացված է հանրային քննարկման:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար պետական բյուջե 2018 թվականի համար պակաս է վճարվել 20 մլն 825 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ պետական բյուջե պետք է վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ: 2018 թվականին 37 ընկերությունների կողմից թվով 319 գովազդային վահանակներով գովազդ տարածելու համար, գովազդային վահանակների ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումները հաշվի առած, պետք է հաշվարկվեր եւ պետական բյուջե վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ վճարվել է 38 մլն դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 60 մլն 416 հազար դրամ: Տեղեկացնենք, որ 2018 թվականին ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվություն են ունեցել եւ գովազդ են տարածել թվով 37 ընկերություններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Բիթիէլ Սերվիսիս» ընկերությունը 3 մլն 196 հազար դրամի փոխարեն վճարել է 720 հազար դրամ, այսինքն ՝ 2 մլն 476 հազար դրամով պակաս: Իսկ, ահա, «Իմիջ» ընկերությունը 14 մլն 337 հազար դրամի փոխարեն վճարել է 6 մլն 570 հազար դրամ՝ 7 մլն 767 հազար դրամով պակաս:

 

 

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի օրակարգում  ընդգրկված է նաեւ «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ամրագրել, որ դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով: Բանն այն է, որ այժմ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Եվ, ահա, պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նկատում են, որ արտահերթ մրցույթ անցկացնելու հնարավորություն տալու հարցը հրատապ է, քանի որ քրեական գործերի շարունակական աճ է, իսկ դատախազներն էլ գերծանրաբեռնված են: Ավելին, նախագծից տեղեկանում ենք, որ  2008 թվականից ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել, եւ եթե  2008 թվականին նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք: Եվ, ահա, այս տարվա հունիսի 1-ի վարչապետի որոշմամբ՝ հաստիքների առավելագույն շեմ է սահմանվել 726-ը՝ այն բարձրացնելով 73-ով, եւ դրա մեծամասնությունն էլ կհամալրվի հենց դատախազներով: Նաեւ սրանով պայմանավորված է անհրաժեշտություն առաջացնել անցկացնել արտահերթ բաց մրցույթ, իսկ գործող օրենքով այն միայն մեկ անգամ կարող էր անցկացվել:




Լրահոս