ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը կաշառք ստացողներին մեղադրանք է առաջադրել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն այս օրերին հարցաքննության է հրավիրում ոչ միայն կաշառք տվող անձանց, այլեւ նախաքննական մարմինը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրում նաեւ կաշառք ստացողներին:

 

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով:

Այս գործընթացից հետո ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին տարավ կալանավորման, սակայն դատական համակարգը մեկը մյուսի վրա է գցում նրա կալանավորման գործընթացը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ խափանման միջոց չնտրեց կալանավորումը, ինչի հետեւանքով ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, իսկ, ահա, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ կալանավորման հարցը կրկին ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ քննության առնելու համար: Ասել է թե՝ դատավորը իր վրայից գցեց Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հայտնվեց բարդ իրավիճակում. ինչ որոշում կկայացվի՝ ցույց կտա ժամանակ:

Ու մինչ դատական համակարգը խառնված է ԲՀԿ առաջնորդի կալանավորման հարցով, ԱԱԾ-ում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն քրեական գործի հարուցումից հետո խուզարկություններ իրականացրեց ԲՀԿ գրասենյակներում եւ մի շարք փաստաթղթեր առգրավեց:

Եվ, ահա, այս օրերին ԱԱԾ-ն առգրավված փաստաթղթերում տեսել է բազմաթիվ մարդկանց անուններ, որոնց դիմաց գրված են կոնկրետ գումարի չափ, թե ինչքան գումար են ստացել նրանք ու նրանց ընտանիքի անդամները, որից հետո բոլորին կանչում են հարցաքննության: Դատելով իրավիճակից՝ ՀՀ բնակչության մի զգալի հատված հայտնվել է վկայի կարգավիճակում եւ հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության: Ասել է թե՝ ե՛ւ կաշառք տվողներն են հայտնվել վատ իրավիճակում, ե՛ւ կաշառք վերցնողները:

Մեզ հետ զրույցում փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը պատմեց, որ Կոտայքի մարզի բնակիչ Ռուբիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, սակայն վերջինս պնդում է, որ կաշառք չի ստացել, այլ այդ գումարը իր կատարած աշխատանքի դիմաց որպես վարձատրություն է ստացել:

Ի դեպ, հավելենք, որ փաստաբան Դիաննա Ղազարյանի պաշտպանյալին եւս ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու համար, սակայն վերջինիս պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրեական գործերը քննելու եւ համապատասխան աշխատանքները կատարելու գործին լծվել է 100 քննիչ, որոնց հրահանգ է տրված արագ գործել, հավաքել անհրաժեշտ փաստերը: Մեր տեղեկություններով՝ նաեւ վերջին օրերին ԱԱԾ-ում ԲՀԿ-ականների մասով տարբեր քաղաքացիների կողմից դիմումներն այնքան շատ են, որ նկատում են՝ անգամ այդ 100 քննիչը չեն հասցնում աշխատանքներն իրականացնել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս եւ ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս:

Հավելենք, որ սրան զուգահեռ հետաքրքիր մարտավարական քայլ են արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Ծառուկյանի խափանման միջոցի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պաշտպանական կողմն էլ Վերաքննիչի որոշումն է բողոքարկել Վճռաբեկ դատարան: Եվ այս առումով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ փոխարեն գործի քննությունը սկսվի, այժմ ընթանում է այն մի կառույցից մյուսին ուղարկելու գործընթացը, եւ սա, ըստ էության, արվում է ժամանակ շահելու համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՌԴ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Ռուսաստանի Դաշնությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սրված իրավիճակի մասին. այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն՝ մարտերը շարունակվում են, կիրառվում է հրետանի, կան զոհեր եւ վիրավորներ: «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընտանիքներին: Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ խստորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին»,-ասվում է  հաղորդագրության մեջ:

 

 

ՄԻԱՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Տիգրան Ավինյանից հետաքրքրվել են, թե ՀՀ կառավարությունը քայլեր ձեռնարկել է արդյոք ձեռք բերելու Remdisivir կոչվող դեղամիջոցը, որն աշխարհում համարվում է կորոնավիրուսի բուժման համեմատաբար դրական ցունանիշներ արձանագրած դեղամիջոց: Տ. Ավինյանը պատասխանել է. «Առողջապահության նախարարությունը իրականացրել է գնումը, դեղամիջոցը հասանելի չի լինելու դեղատներում, այլ օգտագործվելու է կորոնավիրուսի բուժման նպատակով համապատասխան բժշկական կենտրոններում»: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

 

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են եւ ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսեւորել հակահասարակական վարք, նաեւ խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները: Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, եւ հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11-ից 12-ը, ծնողները իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության հարցերով կարող են «Սկայպի» միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին:

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է

Թուրքիան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին երեկվանից սկսված լարված իրավիճակին: Մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Յավուզ Սելիմն լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ հավաստիացնելով, որ բոլոր հնարավոր եղանակներով Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին իր գործողություններում, որոնք միտված են «պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը»:

 

 

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՃԸ

Եվրասիական տնտեսական միության երկրների թվում այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, ամենացածր գնաճը արձանագրվել է Ղրղզստանում՝ 1.2 տոկոսի չափով, իսկ ամենաբարձր գնաճը արձանագրվել է Ղազախստանում՝ 0.5 տոկոսի չափով:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուսաստանում մայիսին գրանցվել է 0.3 տոկոս գնաճ: Նշենք, որ Հայաստանում ապրիլին արձանագրվել էր 0.9 տոկոս գնաճ, իսկ մայիսին՝ 0.1 տոկոս գնանկում: Բելառուսում եւս գնանկում է արձանագրվել՝ 0.1 տոկոս: Մեր հարեւան Վրաստանի Հանրապետությունում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.2 տոկոս գնաճ:

 

ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Բացի երկու ոստիկանից, հայ-ադրբեջանական սահմանում երեկվանից սկսված լարվածության հետեւանքով վիրավորում է ստացել նաեւ երեք զինծառայող. այդ մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ զինառայողների մոտ թեթեւ բեկորային վնասվածքներ են, եւ նրանց  կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից եւ չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Հայկական կողմից կորուստներ չկան:




Լրահոս