Ավստրիայի զինված ուժերում սկսել են վարժեցնել ծառայողական շներին՝ կորոնավիրուսով վարակվածներին հոտով հայտնաբերելու համար: Այս մեթոդը պետք է օգնի մարդու օրգանիզմում վիրուսը հայտնաբերել նույնիսկ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի դեպքում:
Այժմ ռազմական կինոլոգիական կենտրոնում նոր ծրագրով վարժեցնում են բելգիական հովվաշանը: Շանը սովորեցնում են գտնել և բերել հատուկ խողովակը, որում կորոնավիրուսի հոտով մոլեկուլներ կան, որոնք վերցվել են վարակված բժշկական դիմակից:
Ծառայողական շների և կինոլոգների անվտանգությունն ապահովելու համար խողովակները և դիմակները մշակվում են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ: Դա ապաակտիվացնում է վիրուսը:
Փորձարկումների փուլը կշարունակվի մինչև հուլիսի վերջ: Դրանից հետո զինվորականները կվերլուծեն կատարված աշխատանքների արդյունքները: