Վաղաշեն համայնքի ղեկավարը կդադարեցնի պաշտոնավարումը. վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղասագրվող բոլոր արարքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով այդ գումարը:

Բացի այդ, Արթուր Սուվարյանը 2014-2016թթ. իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող GAZ 31105 մակիշի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող թվով հինգ կատարողական ակտեր: Դրանց հիմքով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲ ընկերությունը նշված ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ծառայությունների մատուցման համար Վաղաշենի համայնքապետարանից փոխանցված 1.150.000 ՀՀ դրամին համարժեք վերանորոգել է նրա անձնական օգտագործման TOYOTA LAND CRUISER 4.5 մակնիշի ավտոմեքենան: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է համայնքի բյուջեից իրեն վստահված խոշոր չափերով նշված գումարը:

Նախաքննությամբ հիմնավորվել էր նաև, որ Ա. Սուվարյանը 2017թ. հունվարից 2018թ. օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում որպես նպաստառու հաշվառված և նպաստ ստացող Վաղաշեն գյուղի բնակիչ Կ. Սուվարյանին փաստացի աշխատանքի է ընդունել որպես համայնքապետարանի վարորդ և աշխատանքի դիմաց ամսական վճարել աշխատավարձ՝ առանց վերջինիս որպես աշխատող գրանցելու: Այդ կերպ նա օժանդակել է Կ. Սուվարյանին նույն գործակալությունից խաբեության եղանակով կատարելու խոշոր չափերով՝ ընդհանուր 712.500 դրամ գումարի հափշտակություն:

Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Սուվարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանին՝ Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերի կազմմանը, դրանց հիման վրա համայնքի բյուջեից խոշոր չափերով՝ 1.150.000 դրամի յուրացում կատարելուն օժանդակելու համար:

2020թ. հունիսի 16-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղարդանքի երկու անձի վերաբերյալ, ուղարկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատարանում, արագացված կարգով քննության արդյունքում մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալ Ա. Սուվարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձևով: 2020թ. հուլիսի 20-ի դատավճռով դատարանը, Վաղաշենի համայնքապետին մեղավոր ճանաչելով առաջադրված բոլոր մեղադրանքներում, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել տուգանք՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով՝ նկատի ունենալով, որ նախաքննության փուլում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, ընդունել է մեղադարանքները, տվել խոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի տարեց ծնողներ և հաշմանդամ մայր: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ Ա. Սուվարյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված հիմնական պատիժը կրելուց:

Որպես լրացուցիչ պատիժ՝ դատավճռով վերջինս 2 տարի ժամկետով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Առանձին դատական ակտով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման մասին օրենքի հիմքով:




Լրահոս