«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության գործը մտել է դատարան: Դատելով իրավիճակից պարզ է դառնում, որ իրավապահները այդպես էլ չեն գտել մյուս ենթադրյալ հանցագործին Գրիգոր Բողջողջյանին: Եվ ահա, ըստ մեղադրական եզրակացության, Զորիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գրիգոր Բողոջոջյանի հետ 2019թ. հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 59-րդ հասցեում, որպես ուղևոր նստել են նույն հասցեի դիմաց կայանված Սարգիս Աղաբեկի Ավագյանի կողմից շահագործվող «Պեժոե մակնիշի CB-292-FA համարանիշի տաքսի ավտոմեքենան։
Ավտոմեքենայի սրահում քննությամբ դեռևս չպարզված հարցի շուրջ վերջիններս վիճաբանել են Սարգիս Ավագյանի հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանելով շարժվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Գլինկայի փողոցների հատման վայր, որտեղ վիճաբանությունը վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, որի ընթացքում Զորիկ Մանուկյանն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սարգիս Ավագյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ կրծքավանդակի և որովայնի աջ կեսի առաջային մակերեսի, արմնկահոդերի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի, ձախից հետին անութային գծով 4-5-6-7-րդ կողոսկերի մակարդակներով միջկողային և մեջքի լայնական մկանների արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ, ապա իր մոտ եղած սուր կտրող֊ծակող առարկայով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է Սարգիս Ավագյանի կրծքավանդակին և կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած վերքի, կրծքային մեծ, 6-7-րդ միջկողային մկանների, 7-րդ կողոսկրի, առպատային թոքամիզի, աջ թոքի 3-րդ սեգմենտի, սրտապարկի և սրտի աջ նախասրտի վնասվածքների ձևով վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ու դիմել է փախուստի։ Հավաքված քաղաքացիների կողմից դեպքի վայր կանչված շտապօգնության խումբը Սարգիս Ավագյանին տեղափոխել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։
Զորիկ Մանուկյանին իրավապահները կալանավորել են, իսկ ահա մյուս կասկածյալ Գրիգոր Բողջողջյանին փնտրում էին: Դատելով իրավիճակից այդպես էլ չգտան եւ Զորիկ Մանուկյանի մասով քրեական գործը ուղարկեցին դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.