Օզոնի շերտի պաշտպանության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 16-ին: Օզոնային շերտի պաշտպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար մեծ դեր ունեն ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունները:
Հայաստանն օզոնաքայքայման նյութերի փոխարինման, մասնավորապես, դրանց շարժի կարգավորմանն առնչվող որոշակի պարտավորություններ է ստանձնել’ 1999թ.-ին Մոնրեալի արձանագրությունն ու հետագայում նրա բոլոր ուղղումները վավերացնելով: 2006թ.-ին ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի’ ՀՀ-ում արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները:
1994 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարել է սեպտեմբերի 16-ը Օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի` օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտի պահպանության խնդիրը համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականները, բնապահպանները, արդյունաբերողները: Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն` այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ:
Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և տնտեսության շատ այլ բնագավառներում: Ինչպես հայտարարում են գիտնականները, սրանց արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար: Միջազգային հանրության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն կենսաբանական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցումը: