ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ԴԵՄ ԾՐԱԳԻՐ ԵՆ ՄՇԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի շուրջ  առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո՝ այժմ, դատարանի կազմն ամբողջական է,  եւ առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ եւ վերադառնան բնականոն աշխատանքի:

 

Խորհրդարանի՝ սեպտեմբերի 15-ի քվեարկությամբ՝ Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի՝ Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան եւ Երվանդ Խունդկարյան: Բացի վերջինից, մյուսները երեկ երդվեցին խորհրդարանում եւ ստանձնեցին իրենց լիազորությունները:  Իսկ ՍԴ նախագահի ընտրությունը տեղի կունենա արդեն Երվանդ Խունդկարյանի երդումից հետո: Եվ, ահա, առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:

«Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը համաձայնել է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու պայմանով, որ հենց ինքն էլ պետք է հետագայում դառնա Սահմանադրական դատարանի նախագահ:  Սակայն սա նրա պայմանավորվածությունն է իշխանությունների հետ, այլ ոչ թե ՍԴ մյուս անդամների հետ: Եվ հենց այստեղ էլ թաքնված է ինտրիգը: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի մյուս անդամներն այնքան էլ կողմ չեն Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը եւ իրենց ծրագիրն են մշակել:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներն են՝

Աշոտ Խաչատրյան, Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Հրայր Թովմասյան, Արայիկ Թունյան, Արեւիկ Պետրոսյան, Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան եւ Երվանդ Խունդկարյան:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջեւ, եւ առաջարկ է հնչել, որ  որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվի նաեւ Արմեն Դիլանյանը: Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը: Այդ տարբերակին միանշանակ կողմ են նաեւ մյուս դատավորները, որոնք եւս կողմ կքվեարկեն Դիլանյանին, եւ թերեւս մնում է համոզել միայն Աշոտ Խաչատրյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարողն է:

Իսկ ո՞ր դեպքում նրանց ծրագիրը կարող է աշխատել: Սահմանադրական դատարանի մասին օրենքի 19-րդ հոդվածն ասում է.

  1. Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  2. Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Այսպիսով, երկու թեկնածուի առաջադրման պարագայում ՍԴ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 6 ձայն. եթե Աշոտ Խաչատրյանը քվեարկի Արման Դիլանյանի օգտին, ապա այդ վեց ձայներն ապահովված են, իսկ եթե ոչ, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, եւ այդ պարագայում ՍԴ նախագահ կընտրվի առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Հետաքրքիր է, որ Արման Դիլանյանին «դուխ են տվել» եւ վստահեցրել, թե ամեն ինչ կանեն, որ հենց ինքը դառնա ՍԴ նախագահ, ոչ թե Երվանդ Խունդկարյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԽՄԲԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղըզստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող: Ներկայումս միջազգային դիտորդական խմբի ձեւավորումը շարունակվում է, որում կընդգրկվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների պատգամավորները: ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները` Խորհրդի քարտուղարության աշխատակիցների եւ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետների կազմից, սեպտեմբերի 6-9-ը Օշ եւ Բիշքեկ քաղաքներում խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ մոնիտորինգ են անցկացրել: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ի հոկտեմբերի 4-ին:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսին՝ կապված իր՝ մանդատ վայր դնելու հետ. «Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման, եւ այն չվերածվի քաղաքական շոուի: Հուսամ՝ կգա: Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ՝ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ եւ այլն։ Վստահ եմ՝ դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ…»,-նշել է Ջուլֆալակյանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր. «Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել: Ես  այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին»:

 

 

ԱՃ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հայաստանում կանխատեսվում է վիրուսի արագ տարածում. ըստ կարեւոր ցուցանիշներից մեկի՝ յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարեւոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19), Հայաստանի համար ներկայում աճել եւ կազմում է 1.02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելը կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին: «Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից, հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին, իհարկե, նպաստելու է նաեւ, կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված, բնակչության շարժունակության բարձրացումը եւ կուտակումների առաջացումը»,-ասել է փոխնախարարը:

 

 

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը մեկնաբանել է համացանցում տարածված տեսանյութը՝ «Ո՞ւմ է պատկանում Երեւան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը»: «Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ.. Խուճապի կարիք չկա:

Հ.Գ. ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձեւեր են, եւ հրապարակելն էլ պարտադիր չէ»,-հայտնել է նա:

 

 

121 ԿՈՂՄ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը ընդունվեց 121 կողմ ձայներով։

Նշենք՝ օրենքի նոր նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարել է կազմակերպված խումբը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ArmLur.am-ը զրուցել է քրեական հեղինակություն Բասարի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հետ: Վերջինս նշեց, թե այս գործով մի իրավիճակ է ստեղծվել, երբ նրա պաշտպանյալին թույլ չեն տալիս խոսել եւ տեսակցել հարազատների հետ: Ինչպես հայտնի է,  «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականվամբ հայտնի Արսեն Մկրտչյանի, Բասար մականունով հայտնի Արմեն Մելքոնյանի եւ եւս 11 անձի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ձերբակալվել էր մարտի 13-ին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: ԱԱԾ-ի հաղորդագրությունից պարզ Է դառնում, որ դեռեւս մարտի 13-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ, մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին» նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:




Լրահոս