ՌԴ ԱԳՆ-Ի ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության սկզբնական տեքստում: Այդ փոփոխությունը ստիպված ադրբեջանական կողմն արել է այն բանից հետո, երբ  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը Սերգեյ Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել:

 

Հիշեցնենք՝ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խոչընդոտ են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին»։

Նշվում էր նաեւ, թե Սերգեյ Լավրովը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքները, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր: Սակայն ռուսական կողմի տարածած հաղորդագրոոթյան մեջ նշվում էր, որ կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման վիճակը եւ հեռանկարները: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, որը նշել էր. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:

Ադրեջանի խորհրդարանի կայքում այսպիսի տեքստ էր հրապարակված. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը եւ տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»:

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանեց իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:

«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին եւ սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Եվ Զախարովայի խոսքերից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում հաղորդագրության տեքստը խմբագրվել է։ Լավրովի խոսքերն էական փոփոխության են ենթարկվել։ Փաշինյանի հիշատակումը, «հինգ գրավյալ շրջանների վերադարձի» եւ «խաղաղապահների տեղակայման» մասին խոսքերն առասարակ խմբագրվել են։

«Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը եւ ջանք չի խնայում այդ ոլորտում։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», – ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության վերջնական տարբերակում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

30 ՄԼՆ ԵՎՐՈ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Covid-19 համավարակին դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս համաձայնագրով 30 մլն եվրո տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին եւ մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետեւանքները: Բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ առանց որեւէ նախապայմանի, կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման եւ իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է  համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման եւ արձագանքի  արդյունքների ապահովման արդյունքում:

 

 

ՓՈՂՈՑՆԵՐԸ ԿՍԱԼԱՐԿՎԵՆ

Կառավարությունը որոշում է կայացրել, որով կարգավորվում է համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման եւ բարեկարգման աշխատանքների ընթացակարգը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, որովհետեւ, գիտեք, ցավոք սրտի, մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը, եւ նաեւ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050թ. ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ: Շատ դեպքերում ռելիեֆից, համայնքի բյուջեից կախված, նաեւ զուտ գեղագիտական նկատառումներից ելնելով՝ շատ ավելի նպատակահարմար է, որ այդ ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն: Եկանք եզրակացության, որ կան համայնքներ, որոնք իրենց ռեսուրս ունեն, քար կա, քարի հանք կա իրենց տարածքում, եւ կարող են իրենց միջոցներով փողոցների սալարկումն իրականացնել, տեղի բնակիչներին ներգրավել»,-ասել է նա:

 

 

ՊԱԿԱՍ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

«Մենք առաջիկայում կամփոփենք երրորդ եռամսյակը, 9 ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաեւ հարկային հավաքագրումներին:  Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետեւանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո եւ կառավարելի է: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը եւ ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,-ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության դատախազությունից հայտնում են, թե իրենք պաշտոնապես տեղեկացվել են այն մասին, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այնտեղից նաեւ հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:

Նկատենք, սակայն, որ Արթուր Գեւորգյանի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե Արթուր Գեւորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու քրեական գործով չի գտնվում որեւէ կալանավայրում։ Նկատենք, սակայն, որ ապրիլի 9-ին Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում էր կայացվել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

 

ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է

Կենտրոնական բանկը գիտակցված է բարձրացրել վարկերի տոկոսադրույքները, որ կրճատի փոխառուներին վարկերի տրամադրման ծավալը։ Այս մասին ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով՝ սա հատուկ է արվում, որ նվազեցվի բնակչության վարկային բեռը։ «Սա տնտեսության օրենքն է։ Երբ վարկերի տոկոսադրույքները մեծանում են, դրանց պահանջարկը նվազում է, իսկ երբ նվազում են, ապա պահանջարկն աճում է։ Եթե վարկային պայմաններն անտրամաբանական կերպով մեղմվեն, ընդ որում՝ հաշվի չառնելով եղած ռիսկերը, կամ ընդհանրապես վարկառուներին վարկային արձակուրդ տրվի, ապա պահանջարկը զգալիորեն կմեծանա, եւ դա ապագայում կարող է լուրջ սպառնալիքներ եւ խնդիրներ ստեղծել, քանի որ վարկառուների վճարունակությունը տարբեր է։ Մեկի մոտ այն բարձր է, մյուսի մոտ՝ ոչ։ Այնպես որ, այս ճանապարհը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, տանում է ճգնաժամերի։ Քաղաքական եւ պոպուլիստական մոտեցումները բանկերին ստիպում են սահմանել վարկերի ցածր տոկոսադրույքներ, եւ բանկերը ստիպված են վարկերի տոկոսադրույքները նվազեցնել՝ հաշվի չառնելով հնարավոր ռիսկերը։ Վերջնարդյունքում բոլորս դրա պատճառով վճարում ենք հարկերի բարձրացման տեսքով»,-պարզաբանել է Երիցյանը։




Լրահոս