Լուսանկարն արվել է Մեծ Մասրիկ համայնքում
Արցախում սկսված պատերազմը չշրջանցեց նաեւ Հայաստանը: Հակառակորդի հրետակոծությունից վնասներ եղան նաեւ Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ մարդկային կորուստների տեսքով: Եվ չնայած Մեծ Մասրիկի բնակիչների շրջանում եւս կային տուժածներ եւ վնասված շինություններ, սակայն Մեծ Մասրիկ գյուղի մեծ սրտով կանայք 24 ժամ հաց են թխում սահմանին կանգնած զինվորների համար:
ՎԱՐԿԱՅԻՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Հայկուշ Մելքոնյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց` նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ուր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:
Սիրանույշ Պետրոսյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե անձն ունի առողջական խնդիրներ եւ հաշմանդամության կարգավիճակ ստանալու կարիք, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ՝ նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր (ձեւ 088):
Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։