ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ խնդիրն է՝ ցույց տալ ռուս հասարակությանը, թե ինչ է կատարվում. Պետդումայի պատգամավորն Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վիտալի Միլոնովը երեկ ժամանել է Արցախ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպելուց զատ Պետդումայի պատգամավորը նաև եղել է Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր. «Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը խոսեց իր Արցախ այցի նպատակի, տպավորությունների մասին՝ կրկին նշելով կրակի դադարեցման անհրաժեշտության կարևորությունը:

-Պարո՛ն Միլոնով, ե՞րբ եք մեկնել Արցախ և ո՞րն է այս փուլում այցի նպատակը:

-Ես եկել եմ երեկ (հոկտեմբերի 15-խմբ): Ես ռուս լրագրողների հետ շրջել եմ Ստեփանակերտով, եղել եմ այն վայրերում, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրթիռակոծվել էին, հանդիպել ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, պատգամավորներին, խոսել ենք հնարավոր բարեկամության խումբ ստեղծելու շուրջ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամների հետ: Եվ իհարկե իմ խնդիրն է, որ ես Ռուսաստանի Դաշնության հասարակությանն ու իմ ընտրողներին փոխանցեմ այն իրավիճակն ու ագրեսիան, որ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից՝ ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Դա է գլխավոր նպատակը եւ իհարկե նաև հումանիտար ծրագրեր իրականացնելը, որպեսզի թեթևացնեն տանջանքները:

-Դուք միայնա՞կ եք եկել եւ ի՞նչ հարցեր եք քննարկել Արցախի նախագահի հետ:

-Պատգամավորներից ես եմ միայն եկել: Ես նախագահի հետ զրուցել եմ դեմ առ դեմ: Բնականաբար մենք անհանգստացած ենք այս իրավիճակով եւ ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկինքը լինի խաղաղ եւ հողն էլ պաշտպանված: Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի նախագահն արդեն ասել է, որ իրենք ցանկանում են, որ կրակի դադարեցում լինի հնարավորինս կարճ ժամկետներում:

-Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ ասել էր, թե պետք է ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա եւ դիմել էր ՌԴ-ին, Իրանին: Ի՞նչ եք կարծում՝ այն որքանով է հիմա հնարավոր եւ ի՞նչ է պետք անել դրա համար:

-Գիտեք՝ Ռուսաստանն այս հարցում ամենից շատ է շահարգռված: Բանն այն է, որ Թուրքիան ոչ միայն այսպիսի հակամարտությունների է մասնակցում, այլև Օսմանյան կասյրություն ստեղծելու ծրագրեր ունի: Եվ բնակաբար Ռուսաստանի Դաշնությունը շահագրռգված է, որ Կովկասում լարվածություն չլինի:  Ոչ մի իրավիճակում չի կարող արդարացվել ահաբեկիչների կիրառումը Ղարաբաղյան հակամարտությունում:

-Միա՞յն Ստեփանակերտում եք եղել: Այլ ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես եղել եմ նաեւ Շուշիում, պատրաստվում եմ այցելել Աղդամի շրջան, հանդիպել այնտեղ մարդկանց, քննարկել այն իրավիճակը, որ ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերն են մասնակցում այս պատերազմին, այլ նաեւ տվյալներ կան, որ Ղարաբաղի դիմաց այս ագրեսիային մասնակցում են նաեւ այլ ուժեր:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս