Իրանի սահմաններին այս պահին հանգիստ է: Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելացրել է իր տեխնիկաները սահմանին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալության լրագրող Հայալ Մուազինը: «Իհարկե, վերահսկողությունն ավելացել է: Ի վերջո արդեն իսրայելական արտադրության չորս անօդաչու թռչող սարքեր են խոցվել եւ դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է: Մեր երկրի անվտանգությունն ամեն ինչից վեր է: Իրանը չի թողնի, որ Կովկասն օգտագործեն իրենց կեղտոտ ծրագրերի համար», – նկատեց նա:
Նկատենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում երեկ մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ «Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք», – նշել էր նա։
Իրանցի լրագրողը նկատում է, որ իր երկրի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը բոլորովին այլ է լինելու: «Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի առաջարկը կներկայացվի նոր հարթակում ՝ Սոչիի և Աստանայի ձևաչափերի տեսքով: Այդ ձևաչափով քննարկումներին պետք է մասնակցեն Թուրքիան, Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Այդ մասին են վկայում արտագին գործերի նախարարությունների ղեկավարների ձևաչափով բանակցությունները», – նկատում է նա:
Ավելին, Զարիֆի խոսքով, Իրանում հենց այս ֆորմատի ստեղծումն են առաջնային համարում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ծրագրածը տեղի չունենա: Լրագրողի խոսքով, ԱՄՆ-ի ծրագիրն ուղղված է ՌԴ-ի եւ Իրանի դեմ, եւ այս պատերազմը կարող է վերածվել սիրիական պատերազմի, եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն:
Ն.Հ.