ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Միակ ճշմարիտ աղբյուրը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է
Հրադադարի ցավագին կորուստներ պարունակող համաձայնագրի ստորագրումից հետո անորոշություն է… ոչ միայն հայկական քարտեզի սահմանագծի, փախստական դարձած մեր հայրենակիցների ապագայի, մարդկանց ունեցվածքի, պետական ունեցվածքի եւ այլ մասերով, այլև մեր ազգային մրմուռը շարունակ բորբոքող անհետ կորած զինծառայողների եւ կամավորների մասով: Մարդիկ իրենց հարազատների նկարները վերցրած բառի ուղիղ իմաստով դռնեդուռ են ընկել` մի լուր իմանալու. ո՞ղջ են, զոհվա՞ծ, գերի՞, թե՞ անհետ կորած… Միմյանց են զանգահարում, համացանցում նկարներ են տեղադրում, իրար հույս տալիս, թե ով ում հետ վերջին անգամ երբ է խոսել…
Պետական որեւէ ատյան փաստորեն չկա, որ լուր տա մարդկանց` կորած զինծառայողների մասին: ՀՀ Պաշտպանության նախարարության գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվողների համապատասխան հեռախոսահամարին չեն պատասխանում։ Անձամբ եմ զանգահարել մեկ շաբաթից ավել` հետեւողականորեն:
Ու հիմա ահազանգեր եմ ստանում այն մասին, որ քանի դեռ ՊՆ-ն լռում է, հայտնվում են համացանցային օգտատերեր, մարդիկ, որոնք գրում են, զանգահարում են կորած զինծառայողների հարազատներին (նրանք հեռախոսահամարներ են տեղադրել համացանցում) իբր թե ինչ որ լուր են տալիս, թե ձեր տղան շուտով կգա, կամ ձեր տղայի հետ խոսել ենք քիչ առաջ եւ այլն: Ու այդպես անցնում են օրեր, բայց զինվորները չկան ու չկան:
Հետաքրքիր է` ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը կամ այլ ուժային կառույցներ ահազանգեր չեն ստանո՞ւմ. ովքե՞ր են խաղում կորածների հարազատների հույզերի հետ, ինչ իրավասություն ունեն ներկայանալու պետական որեւէ օղակի հետ կապ ունեցող, քայլ արվե՞լ է` պարզելու հայ կորածների հարազատներին ինտերնետով գրողները հայե՞ր են, թե՞ թշնամին է էլի ցավեցնում մեզ` հարաբերական խաղաղության պայմաններում` նաև այս եղանակով:
Երկուշաբթի օրը պաշտոնական գրություններ եմ ուղարարկելու ուժային կառույցներին` խնդրելով օպերատիվ կերպով պարզել ինչ է կատարվում մեր երկրում այս մասով:
Ի վերջո` ՀՀ ՊՆ-ն պարտավոր է կապ պահպանել ծնողների հետ, նույնիսկ լուր չունենալու դեպքում բացատրել, որ դեռ նորություն չկա ու միակ ինֆորմացիայի աղբյուրը կորածների ծնողների համար պետք է լինի բացառապես ՀՀ ՊՆ-ն: Չմոռանանք, որ խաղաղապահների եւ Կարմիր խաչի ուղեկցությամբ հայ զոհվածների մարմինները հանվել են Շուշիից ու մատույցներից, Մարտունու, Մատաղիսի, Կարմիր շուկայի և հարակից հատվածներից։ Իսկ մնացած վայրեր` Հադրութ, Ֆիզուլի, Զեբրայիլ, Կուբաթլի եւ այլն, դեռ որոնողները չեն մտել, մարմիններ չեն հանվել: Հետեւաբար` տեսականորեն անհնար է, որ որեւէ մեկը այսօր կարող է, օրինակ, Ջեբրայիլում կամ Ֆիզուլիում կորածներից մեկի մասին ստույգ տեղեկություն ունենալ, եթե դա չի տրամադրում ՀՀ ՊՆ-ն:
Խնդրում եմ ՀՀ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին օպերատիվ հանձնարարել որոնվող մարդկանց հարազատների հետ շուրջօրյա հասանելիությամբ կապ պահպանել. մարդկանց վիշտը անասելի խորն է, չպետք է թույլ տանք, որ որեւէ մեկը շահարկի, փորձի ինքնահաստատվել: Պատերազմի օրերի փնթիությանը պետք է վերջ դնել անհապաղ… Հետևողական եմ լինելու։
Հ.Գ. #աղոթումեմդադիվանքում»։