ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ 5 ՏԱՍՆՅԱԿ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել շուրջ 5 տասնյակ անձի նկատմամբ:

 

«ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի եւ ՀՀ Ազգային ժողովին եւ կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով եւ 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաեւ շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաեւ ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում եւ այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից եւ նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաեւ առանձնապես խոշոր չափերի գույք, առեւանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել եւ առգրավվել են:

Միեւնույն ժամանակ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա փաստական տվյալները վկայում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաեւ չեն մասնակցել 2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ-ում ծավալված ռազմական գործողություններին:

Ավելին, քրեական գործով ձեռք բերված եւ պատշաճ իրավական ընթացակարգերով հետազոտված ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին  մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում եւ շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի, հակաիշխանական հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր,  իրականացրել բռնի գործողություններ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության  անդամները, Հայաստանի հանրապետական կուսակցության  աջակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ, եւ հարուցվել են քրեական հետապնդումներ:

Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը: Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական  գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ

Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 1-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, տարհանվող զինամթերքի պայթյունի հետեւանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթեւոսյանը (ծնվ. 2001թ.) եւ Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՏՎՅԱԼՆԵՐԸ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ ԵՆ

Արցախի  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից հնարավոր է եղել առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել: Այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի եւ հարազատների ներկայացրած ապացույցների, ինչպես նաեւ  վկայությունների, զանգերի եւ այլ ապացույցների միջոցով   հավաքագրվող տվյալները հիման վրա: Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաեւ ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

 

 

ՌՈՃԻԿԸ ՊԱԿԱՍ ԵՆ ՏՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին է դիմել պայմանագրային զինծառայող, որը Նոյեմբերյանի  տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ է։ Նա հայտնեց, որ  իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս են ստացել, երկու ամսվա համար նախատեսված 250 հազար դրամի փոխարեն ստացել են 160 հազար դրամ։  Զինծառայողը չգիտի, թե ինչն է դրա պատճառը, ենթադրում է, որ  աշխատավարձը  քիչ են վճարել, քանզի  պատերազմի ժամանակ իրենք Արցախ չեն մեկնել։ Արցախում պատերազմի ժամանակ պայմանագրային զինծառայողների հարազատները փակել էին ճանապարհը, խոչընդոտել, որ իրենց  հարազատներին իջեցնեն դիրքերից ու ուղարկեն Արցախ։ Նրանք պատճառաբանում էին, որ սահմանամերձ Կոթի գյուղը բազում զոհեր է տվել 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, որ պայմանագրայինները զինվորագրվել են Տավուշի մարզի սահմանները պահելու համար։ Այդ առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է կատարել Տավուշի մարզի պայմանագրային զինծառայողների շրջանում։ Շատերը հաստատեցին, որ, իսկապես, պայմանագրային  զինծառայողներին, այդ թվում՝ Արցախում վերջին պատերազմի ժամանակ Արցախի առաջնագիծ մեկնածներին նախատեսվածից քիչ  է վճարվել։ Ոմանք հայտնեցին, որ պատերազմի ժամանակ պահեստազորից զորահավաքի կանչված, մոբլիզացվածների 2 ամիսների աշխատավարձը նույնպես քիչ է վճարվել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ԱԺ համամասնական պատգամավոր, Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղից սերված Սարգիս Ալեքսանյանը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը թերի վճարելու վերաբերյալ  նոյեմբերի 28-ին պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն  դեռեւս պատասխան չի ստացել։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը աչքի  է ընկնում իր անիրատեսական, պաթետիկ խոստումներով։ 2019թ. մայիսին նա խոստացել է  5 տարում արտերկրից 5 հազար հայ ընտանիք վերաբնակեցնել Տավուշի մարզում։ Մարզպետը շարունակում է  այդ  ոճով, նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեր օրակարգում մեկ  հարց կա՝ երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։ Ես հավատում եմ: Կրթության եւ գիտելիքի գերակայությունը ընտանիքից, համայնքից մինչեւ համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ: Աշխատանքի գերակայությունը, աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։ Բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արժեք ստեղծելուն ու դրան համակողմանիորեն աջակցելուն»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս