ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է սյունեցիներին.
«Ես ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը կրքեր բորբոքելու համար չէ: Ես նախ կայացրել եմ այդ որոշումը՝ գալու և սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու, երկրորդը՝ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր տված հարցերին ի վիճակի կլինեմ պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ առանց այդ էլ լարված այս իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել»: