«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի մայիսի 1-ից։ Սակայն նրա համայնքային պաշտոնավարման պատմությունը սկսվել է ավելի վաղ։ 1996 թվականին նա ընտրվել է Կողես համայնքի ղեկավար, ապա 1999, 2002, 2005, 2008, 2012 և 2016 թվականներին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ներսիսյանն ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններում նա օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ համայնքի ղեկավար։ Արայիկ Ներսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
ArmLur.am-ը ուսումնասիրել է Լոռի Բերդի համայնքապետի 37 միավոր անշարժ գույք։ 2025 թվականի սկզբում Ներսյանի հայտարարագրում առկա է եղել 36 միավոր անշարժ գույք, իսկ տարվա վերջում՝ 37 միավոր։ Դրանցից 24-ը հողամասեր են, որոնցից 20-ը գտնվում են Լոռի Բերդում, իսկ 4-ը՝ Ստեփանավանում։ Հողամասերի մեծ մասը Ներսյանին պատկանում է միանձնյա, իսկ երեքը՝ համատեղ սեփականության իրավունքով։ Նա ունի նաև 5 բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և ձեռք է բերվել 2003 թվականի դեկտեմբերի 17-ին։ Մյուս 4 բնակարանները Ստեփանավանում են և ձեռք են բերվել համապատասխանաբար 1998 թվականի հոկտեմբերի 29-ին, 2001 թվականի հունիսի 13-ին, 2014 թվականի մարտի 10-ին և 2017 թվականի մարտի 21-ին։ Բնակարաններից երեքը միանձնյա, իսկ երկուսը՝ համատեղ սեփականության իրավունքով են։
Հայտարարագրում առկա է 3 անհատական բնակելի տուն։ Դրանցից երկուսը ձեռք են բերվել Ստեփանավանում՝ մեկը 2017 թվականի ապրիլի 18-ին՝ համատեղ սեփականության իրավունքով, մյուսը՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Երրորդ բնակելի տունը ևս Ստեփանավանում է։ Այն 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 1/2 բաժնային սեփականության իրավունքով ժառանգությամբ է ձեռք բերվել, իսկ ձեռքբերման արժեքը նշված է 0 դրամ։ Միաժամանակ, հայտարարագրի օտարված գույքի բաժնում նշված է, որ 1/2 բաժինը 2025 թվականի նոյեմբերի 20-ին վաճառվել է 8,500,000 դրամով՝ Վաղինակ Վազգենի Մարտիրոսյանին։ Տարվա վերջի հայտարարագրում այդ գույքը կրկին ներկայացված է որպես 1/2 բաժնային սեփականություն։
Ներսիսյանի անշարժ գույքի ցանկում կա նաև 1 արտադրական նշանակության շինություն, որը գտնվում է Լոռի Բերդում և ձեռք է բերվել 2006 թվականի ապրիլի 7-ին։ Նա ունի 2 ավտոտնակ/ավտոկայանատեղի, երկուսն էլ՝ Ստեփանավանում։ Հայտարարագրում առկա են նաև 2 հասարակական նշանակության շինություններ, երկուսն էլ՝ Լոռի Բերդում։ Մեկը ձեռք է բերվել 2001 թվականի հոկտեմբերի 12-ին, մյուսը՝ 2003 թվականի դեկտեմբերի 15-ին։ Երկուսն էլ միանձնյա սեփականության իրավունքով են։
Այսպիսով, 2025 թվականի վերջի դրությամբ Ներսյանը հայտարարագրել է 37 միավոր անշարժ գույք՝ 24 հողամաս, 5 բնակարան, 3 անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն, 2 ավտոտնակ/ավտոկայանատեղի և 2 հասարակական նշանակության շինություն։
12 տրանսպորտային միջոց։
Ներսյանի հայտարարագրում 2025 թվականի սկզբում և վերջում առկա է եղել 12 տրանսպորտային միջոց։ Տարվա ընթացքում նա որևէ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել կամ օտարել։ Դրանցից 6-ը տրակտորներ են։ Մյուս 6-ը ավտոմեքենաներ են՝ 2004 թվականի Mercedes-Benz, որը ձեռք է բերվել 2015 թվականի նոյեմբերի 10-ին, 2008 թվականի Mercedes-Benz, ձեռք բերված 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, 2000 թվականի Mercedes-Benz, ձեռք բերված 2013 թվականի փետրվարի 6-ին, 2010 թվականի Ford, ձեռք բերված 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, 2004 թվականի Ford բեռնատար/բեռնաուղևորատար ավտոմեքենա, ձեռք բերված 2013 թվականի մայիսի 8-ին, և 1996 թվականի Ford մարդատար ավտոմեքենա, ձեռք բերված 2012 թվականի դեկտեմբերի 29-ին։
40 մլն դրամ կանխիկ։
Ներսիսյանի երեք բանկային հաշիվներում 2025 թվականի սկզբում եղել է համապատասխանաբար 100,000 դրամ, 35,234 դրամ և 2,304,752.6 դրամ։ Տարվա վերջում մնացորդները կազմել են համապատասխանաբար 60,604.8 դրամ, 0 դրամ և 8,909.8 դրամ։ Միաժամանակ, նա հայտարարագրել է 60,000 ԱՄՆ դոլար կանխիկ, որը տարվա ընթացքում չի փոխվել և տարվա վերջում նույնպես կազմել է 60,000 դոլար։ Դրամային կանխիկ միջոցները, սակայն, աճել են․ տարվա սկզբի 30,000,000 դրամից տարվա վերջում հասել են 40,000,000 դրամի։ Այսինքն՝ կանխիկ դրամը տարվա ընթացքում ավելացել է 10,000,000 դրամով։
5.97 մլն դրամ եկամուտ։
2025 թվականին Լոռի Բերդի համայնքապետը հայտարարագրել է ընդհանուր 5,970,498 դրամ եկամուտ։
23.047 մլն դրամ վարկային պարտավորություն։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ներսյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 23,047,000 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը եղել է 3,547,000 դրամ, մյուսինը՝ 19,500,000 դրամ։ Վարկատուների, տոկոսադրույքների և նպատակային նշանակության վերաբերյալ հայտարարագրի մի շարք տվյալներ պաշտպանված են։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված վճարումների չափը կազմել է 5,605,000 դրամ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Այսպիսով, Ստեփանավանում ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող և Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի 2025 թվականի հայտարարագրում տարվա վերջի դրությամբ առկա է 37 միավոր անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց, 60,000 ԱՄՆ դոլար և 40,000,000 դրամ կանխիկ, իսկ տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 5,970,498 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




























