Լավրովն ու Չավուշօղլուն կհանդիպեն Սոչիում․ կքննարկվի ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հրավերով կայցելի Սոչի։

Նա կժամանի՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը գործում է ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձրագույն մակարդակի շրջանակներում»,- ասել է Զախարովան։ Նա նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է արդիական տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լայն շրջանակ։

Մասնավորապես, քննարկվելու են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի ու Սևծովյան տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր։

«Կքննարկվեն միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության արդյունավետության բարձրացման հարցերը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նախատեսվում է մանրամասն քննարկել նոյեմբերի 9-ին ԼՂ-ի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։




Լրահոս