Ռուսաստանը խոցված Մի-24-ի գործով Ադրբեջանից իրավական օգնություն է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական քննիչները ադրբեջանցի գործընկերներից օգնություն են խնդրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործի քննության շրջանակում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Այս գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագել, մասնավորապես՝ մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաեւ տեղի ունեցածի որոշ հանգամանքները հստակեցնելու առումով: Այս կապակցությամբ Ադրբեջան հարցում է ուղարկվել միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ասել է, որ միայն համապատասխան նյութերը ստանալուց հետո կորոշվի ռուս ռազմական օդաչուների սպանության մեղադրանք առաջադրելու մասին հարցը:

«Քանի որ խոսքը օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնց չեն կարող հանձնել, ռուսական կողմն, ամենայն հավանականությամբ, քննության նյութերը կուղարկի Բաքու՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը:

Նա հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանի ՔԿ ռազմական քննիչները քրեական գործը քննում են ՌԴ ՔՕ «Երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանությունը» հոդվածով, որով նախատեսվում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

«Առաջիկայում քննության ժամկետը երկարացվելու է եւս 2 ամսով»,- ասել է գործակալության զրուցակիցը:




Լրահոս