ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Ադրբեջանի հետ գործում առանց վիզայի ռեժիմ. ԱԳՆ-ն մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱԳ նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները, փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ Հրապարակված երկրների ցանկում էր նաև Ադրբեջանը, ինչը, վերջին զարգացումների ֆոնին, ակտիվ քննարկումների առիթ դարձավ։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է ցուցակում Ադրբեջանի Հանրապետության առկայությունը։

«1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը դե ֆակտո չեն գործում և, առանձնահատուկ դեպքերում, երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։ Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում»,- պարզաբանեց Աննա Նաղդալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս