Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում գրանցվել է 806 կանչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում այս տարվա հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մասնավորապես, վերջին 10 օրերի ընթացքում, չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:

Հրդեհների մասին 15 հաղորդում է արձանագրվել 2021 թվականի առաջին տասնօրյակում: Ընդ որում՝ հրդեհների բոլոր դեպքերը պայմանավորված էին բաց տարածքում, չոր խոտի այրվելու հետևանքով, որոնք տարածվել և ընդլայնվել էին քամու միջոցով: Հրշեջ փրկարարների շնորհիվ՝ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Վնասի մակերեսը ճշտվում է: Արձանագրված հրդեհներից տուժածներ չեն եղել:

Նույն ժամանակահատվածում ԱԻ 911 ահազանգման կենտրոնում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 2 դեպք՝ 1 տուժածով: Փրկարարները նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, իսկ վիճակը գնահատվում է բավարար:

Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես պայմանավորված էին՝ ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման խնդիրներով:

Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին տրամադրել են ավելի քան 150 խորհրդատվություն:

ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:

Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ»,- նշված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:




Լրահոս