ԿՉԵՂԱՐԿԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը, որի նպատակն Արցախում հաշվառում ունեցող, 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։ Ըստ այդմ՝ միջոցառման շահառու են համարվում Արցախում 2020 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող, 2015 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20000 դրամ յուրաքանչյուր երեխային՝ ըստ «Հայփոստ»-ին ու «Արցախփոստ»-ին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Միջոցառման շահառու հանդիսացող երեխաների տվյալները ծառայությանը տրամադրում է Ոստիկանությունը՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։

 

Այդ նպատակով գործադիրը նաեւ վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում եւ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջոցառումը ֆինանսավորվում է նախարարության պարգեւավճարների եւ աշխատավարձի հավելավճարների ամբողջ ֆոնդով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցառումներ չեն լինի, բայց պետք է անել առավելագույնը, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից. «Ես տեղեկացա, որ ամանորյա ներկայացումներ կլինեն մեր թատրոններում, ինչը շատ կարեւոր է»:

Վարչապետն անդրադարձել է նաեւ Արցախի բնականոն կյանքի համար իրականացված միջոցառումներին: «Առաջին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 87 հազար շահառու, կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ։ Հաջորդ միջոցառումը՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագրով ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ։ Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները եւ նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ: Արցախում պետական աշխատողներին դեկտեմբեր ամսվա վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք մոտ 3.1 մլրդ դրամ: Արցախի բնակչության վերջին 3 ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցում. Արցախի կառավարության հետ համատեղ այս նպատակով հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ»,-ասել է կառավարության ղեկավարը:

«Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է եւս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են, եւ որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում: Առանձնահատկությունն այն է, որ մի քանի միջոցառման շահառու են ոչ միայն Արցախի բնակիչները: Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետեւ այս կայացված որոշումների հետ կապված մենք շատ լայն տեղեկատվություն չենք տարածում՝ նաեւ նկատի ունենալով, որ այս ամեն ինչը մեր պարտականությունն է, ու դա շատ թմբակահարելու անհրաժեշտություն չկա։ Բայց, մյուս կողմից, այս պայմաններում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք Արցախին հոգսերի հետ միայնակ ենք թողել»,- ասել է վարչապետը: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացնել այս պահին դեռեւս մշակման փուլում գտնվող նախագծի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ եւ Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը: «Առաջարկում ենք տվյալ հարցի երկու կարգավորում՝ առաջինը մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված իրավական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է: Եվ երկրորդ կարգավորումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է, որի դրույթները գլոբալ առումով նաեւ համապատասխանում են առաջադրված հարցի կարգավորմանը: Հետեւաբար, որ տարբերակն էլ որ կիրառելի կլինի, ընդունելի կլինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,-ասել է Արա Ֆիդանյանը: Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետը նշել է. «Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը այսպիսի հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթեւեկության հետ կապված տուգանքներ են գալիս այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված՝ երթեւեկության որոշակի կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Մենք արագ արձագանքում ենք: Այստեղ նախկինում կայացրած որոշումների հետ կապված՝ մենք բախվելու ենք մի պրոբլեմի հետ: Ցավոք, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ նման արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետեւաբար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել եւ դա պաշտոնապես հաստատել, որպեսզի չունենանք երկու իրավիճակ, որոնք էլ հավասարաբար տհաճ են: Առաջինը, որ ռազմական գործողություններին չմասնակցած անձինքն չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ եւ օգտվել ամենատարբեր արտոնություններից, եւ երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որպեսզի իրենց մասնակցության փաստը պաշտոնապես հաստատվի, այսինքն՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնեն: Շատ կարեւոր է, որ Պաշտպանության նախարարությունը հնարավորինս արդյունավետ գործի, որպեսզի այս հավաստիացումները լինեն»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս համատեքստում պետք է մտածել նաեւ կամավորականների մասին ու նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնել:

Ն. Պ.

 

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

2020 թվականին ամբողջ աշխարհն անցկացրեց շրջափակման մեջ: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէր:

 

Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո՝ վեց ամիս շարունակ, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա եւս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից:

Իսկ հիմա առանձնացնենք մարտին տեղի ունեցած մի քանի իրադարձությունները, երբ վարակը նոր էր ներթափանցել Հայաստան.

l մարտի 1. բացահայտվեց առաջին հիվանդը, որը Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացի էր: Նրան եւ իր հետ շփում ունեցած մարդկանց մեկուսացրեցին: Բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվեց մինչեւ մարտի 9-ը:

l Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ հրավիրեց, որի ընթացքում որոշում կայացրեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին առաջարկն ուղարկել ԱԺ։ ԱԺ-ն էլ նույն օրը արտահերթ նիստով ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց պարետ:

l Մարտի 24. Պարետը որոշեց կարանտինային հսկողություն սահմանել բոլոր քաղաքացիների նկատմամբ, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում անձը հաստատող փաստաթղթով եւ տեղեկատու թերթիկով, որտեղ նշված է անունը, ազգանունը, հայրանունը, ելքի ժամը, հասցեն, նպատակը, ուղեւորման վայրը, ետադարձի ժամը, ամսաթիվը եւ քաղաքացու ստորագրությունը։ Այս խիստ ռեժիմը ուղղված էր վիրուսի տարածման դեմ 7-օրյա ժամկետով։ Պարետի որոշմամբ արգելվեց որոշակի տնտեսական գործունեության տեսակներ։

l Մարտի 26. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Մահացածը 72-ամյա կին էր, ով ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն եւ ուղեկցող տարբեր հիվանդություններ:

l Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հատուկ խստացված ռեժիմը եւս 10 օրով երկարացնելու մասին հայտարարությամբ:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում արգելվել էր հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը, արգելվում են բոլոր ուսումնական հաստատությունների ոչ հեռավար աշխատանքները: Արտակարգ դրության պայմաններում արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որեւէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում՝ բացառապես պաշտոնականի:

Ն. Հ.

 

 

ԻՋԵՎԱՆԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԻԱԿԸ ՈՐՈՆԵԼ ԵՆ ԻՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

Մի քանի օր առաջ Իջեւանում վերջին հրաժեշտը  տվեցին Իջեւանի զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանին։ Թ. Ղազարյանը 42 տարեկան էր, ուներ 17 տարեկան դուստր, 16 տարեկան տղա, նա սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում,  2010-2012թթ.՝ ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում։ Նա ծառայել էր ՀՀ տարածքում տեղակայված տարբեր զորամասերում, իր հրամանատարության ներքո գտնվող  Իջեւանի զորամասը ճանաչվել է լավագույնը։ Թաթուր Ղազարյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 19-ին,  Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մոտ։ Հարազատների վկայությամբ՝ գնդի հրամանատար Թաթուլ Ղազարյանը մարտադաշտ է մտել իր վիրավոր զինվորներին փրկելու, նրանց այնտեղից  դուրս բերելու համար։ Նա մինչ այդ  մեջքի  բեկորային վնասվածք էր ստացել եւ կարող էր երկշաբաթյա բուժում ստանալ հոսպիտալում, սակայն անտեսելով վիրավորումը՝ եղել է  մարտադաշտում։  Նոյեմբերի 9-ի  հրադադարի հայտարարության ստորագրումից հետո գնդապետի Թ. Ղազարյանի  որոնումներով  համապատասխան  մարմինները չեն զբաղվել։  Նոյեմբերի 24-ին  Արցախ են մեկնել Թաթուլի քույրը եւ նրա եղբայրը։ Նրանք հանդիպել են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ծառայության հրամանատար գեներալ Մուրադովի 2 տեղակալների հետ, Արցախի ԱԻՆ-ի եւ Միջազգային  Կարմիր խաչի միջոցով հնարավոր է  եղել  Թաթուլ Ղազարյանի դին դուրս բերել ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Թ.  Ղազարյանը հետմահու արժանացել է «Մարտական Խաչ»  առաջին աստիճանի  պետական  շքանշանի։

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Իջեւանի զորամասի պայմանագրային զինծառայողները դժգոհ են, որ  իրենք,   պատերազմի ժամանակ Արցախի առաջնագիծ մեկնելով, այնտեղ ավելի քան 40 օր  մարտական գործողությունների մասնակցելով, ավելի քիչ աշխատավարձ են ստանցել, քան իրենց զորամասում ծառայող պայմանագրային զինծառայողները, որոնց Արցախ չեն ուղարկել, նրանք  մարտական հերթապահություն են իրականացրել Տավուշի մարզի սահմանագոտում։ Պայմանագրային զինծառայողներն  ասացին, որ  իրենք Արցախում  մարտական գործողություններին մասնակցելու համար հավելավճար են ստացել, իրենցից  7 հոգու՝ ջոկերի հրամանատարներին, երկու անգամ է տրվել նման հավելավճար։ Նրանք այդ հարցով  դիմել են  հրամանատարներին, սակայն  պատասխան չեն ստացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս