ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

 

Երեկ կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կայք գյուղի բնակիչ 52-ամյա Հայկ Գասպարյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին` Ուշի գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 57-ամյա Համեստ Սարգսյանին: Վրաերթի ենթարկվածը շպրտվել է, որից հետո նրան վրաերթի է ենթարկել Կայք գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ով է համարվում Հայրենական մեծ պատերազմի վետերան:

Արտաշես Միրզոյան (64 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների եւ ստացած վնասվածքների հետեւանքով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ  Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն արտոնություններ բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի  վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե վարկային պատմության ձեւավորման աղբյուրները որոնք են:  Եվ խնդրում եմ ասել՝ ուր կարող եմ դիմել անձը, եթե վարկային պատմությունը սխալ է, կամ առկա է բողոք բյուրոյի հանդեպ:

Անի Ամիրխանյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկային պատմության ձեւավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):

Հայտնում ենք, որ եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման եւ ուղղման նպատակով վարկառուն, համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման եւ վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարկային բյուրոյին կարող են անդամակցել բոլոր ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունները, որոնք տրամադրում են վարկեր կամ իրականացնում են հետաձգված վճարումներով գործարքներ, մատուցում են հեռահաղորդակցության, կոմունալ ծառայություններ, ինչպես նաեւ պետական մարմինները, որոնք վարկային բյուրոյին տրամադրում են տվյալներ իրենց կողմից ստեղծված կամ կառավարվող տվյալների բազայից՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:




Լրահոս