Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ իր ապագան շարունակի կառուցել Հայաստանում, թե կարանտինային ռեժիմից հետո լքի երկիրը, ՀՀ իշխանությունները ամեն քայլ անում են, որպեսզի Հայաստանը հայերի ապրելու համար դառնա ոչ գրավիչ: Օրենքներով անընդհատ անհեթեթ խստացումները ի վերջո բերելու են Հայաստանի դատարկման, ու հետաքրքիր է՝ դա ում է ձեռնտու:
Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք. ՀՀ կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ, եւ կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նածագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ խախտում արած լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:
Իսկ ի՞նչ առաջարկներ են ներկայացրել մյուս գերատեսչությունները: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ ներկայացված փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան հստակ չափորոշիչներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, հետեւաբար նման մոտեցումը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյունից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման համար: Օրինակ՝ Արդարադատության նախարարությունը նշում է. «Նախ հարկ է նշել, որ նախագծի առաջարկված խմբագրության պարագայում ստացվում է, որ համացանցում՝ լրատվական կայքերում, վիճակախաղերի գովազդի վերաբերյալ կարգավորումները նույնանում են հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդի կարգավորումների հետ: Մասնավորապես, հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի գովազդը նույնպես թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես եւ նախատեսվում է համացանցում՝ լրատվական կայքերի համար: Բացի այդ, նույն կարգավորումն է նախատեսված նաեւ նշված ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողության, այդ թվում` վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդային հաղորդումների եւ գովազդային տեղեկատվությունների մասով, որը չի կարող գերազանցել 3 րոպեն:
Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել՝ հնարավոր է արդյոք տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել: Այն միայն դրվել է հանրային քննարկման եւ ստացել չորս կողմ ձայներ: Սակայն սա իսկական գլխացավանք է դառնալու կայքերի համար, եթե չասենք՝ անհնարին կլինի օրենքի պահանջի կատարումը: Կայքերի աշխատանքը հեռուստատեսային հեռարձակումից էապես տարբերվում է, եւ ժամով գովազդ դնելը ուղղակի անհնար է: Իսկ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում պատերազմում պարտված կառավարությունը. գովազդներից զրկել լրատվամիջոցներին:
Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, եւ, որպես օրինակ, բավական է հիշել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում: Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գործում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը: Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն, եւ այդպես ՀՀ գործող կառավարությունը կհասնի իր իրական նպատակին:
Ն.Հ.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Վրացական Ռուսթավիի մոտ մնացած բեռնատարների վարորդները Վրաստանի ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ գալիս են հայկական սահման: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցել է բեռնատարների վարորդներից մեկի հետ։ «Մենք խնդրել ենք իրենց ոստիկանությանը, իրենք իրենց ոստիկանական մեքենաներով մեզ ուղեկցել են, այդտեղից հանել: Ռուսթավիի մոտ՝ ճանապարհի վրա, գիշերը 01.00-ին մի տասը մեքենայի վնաս են հասցրել, քարով շպրտել են հեռվից։ Կարող էին կրակել, ինչ իմանաս՝ ինչ կլինի հետո»,- իրավիճակը ներկայացրել է մեր զրուցակիցը: Նշենք, որ խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա հայտարարել է, որ Վրաստանում հարձակման ենթարկված հայ վարորդների հարցով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Պատգամավորը նախարարին խնդրել է բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Մեզ հետ կապ է հաստատել փոխնախարար Արմեն Սիմոնյանը եւ փոխանցել, որ վրացական իշխանությունները զբաղվում են ահազանգով: Նա նշել է, որ նախարարությունը այս պահին դեռ բողոք չի ստացել բեռնափոխադրող ընկերությունից: Իսկ, ահա, «Մուլտի Թրաք» (Վրաստանում հարձակման ենթարկվել են նաեւ «Մուլտի Թրաք» ընկերության վարորդները) ընկերության ներկայացուցիչն այլ պատկեր է ներկայացրել: Վերջինիս խոսքով՝ Վրաստանում ոստիկանությունն արձանագրություն չի կազմել, հակառակը, հորդորել է ճանապարհը բացել, խցանումներ չառաջացնել:
ՀՅՈՒԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը եւ տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով` Երեւան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ: Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼ
Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիսարեւմտյան Պարսաբադ շրջանում շուտով երկաթուղային տերմինալ կկառուցվի: Այս մասին ասել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բեհնամջուն: Նրա խոսքով՝ այդ նախագծի հետ կապված տնտեսական, առեւտրային եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության հարցով ադրբեջանաիրանական հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել: Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ-Պարսաբադ երկաթգծի առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է: Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր համար անսպասելի կերպով բախվել է բազմաթիվ խնդիրների: Մարդիկ թողել են իրենց ունեցած ամեն ինչ եւ տեղափոխվել Հայաստան: Այս մասին ասել է Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Նրա պնդմամբ՝ նրանցից շատերի մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք նրանց հագին են եղել: «Մարդիկ պարզապես չգիտեին՝ ինչ է կատարվում: Նրանք մտածում էին, թե մեկնում են մի քանի օրով, եւ որ նրանց հարցերը կլուծվեն, եւ նրանք կվերադառնան իրենց տներ, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասել է նա։ Վերջինիս պնդմամբ՝ խնդիրները շատ են: Դրանք կապված են եւ՛ կենցաղային անբարենպաստ պայմանների, եւ՛ ուտելիքի, եւ՛ հագուստի հետ: Թշնամու կողմից օկուպացված քաղաքի նախկին ղեկավարը նկատել է, որ Հայաստանում բնակարան վարձելը աստղաբաշխական գումար է փախստականների համար: «Պետությունը, իհարկե, այդ մասով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, սակայն հատկացված միջոցները բավարար չեն»,-ասել է Շուշիի նախկին ղեկավարը: