ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դպրոցներում ներկայում ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում է կրթությունը, թեպետ այս թիվը փոփոխական է: Այս մասին հայտնել է ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նրա՝ այս փուլում մի գործընթաց է, երբ պարբերաբար ընտանիքները վերադառնում են Արցախ: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը խոչընդոտ չլինի նրանց՝ դպրոցում սովորելու համար»,-ասել է փոխնախարարը։ Ինչ վերաբերում է արցախցի երեխաներին դասագրքերով ապահովելուն, ապա նախարարի տեղակալը նշել է, որ հենց սկզբից եղել է պայմանավորվածություն, որ բոլոր դեպքերում նրանք պետք է ապահովված լինեն դասագրքերով: Մնացած բոլոր հարցերն էլ կարգավորվում են մարզպետարանների հետ համագործակցությամբ:

 

Ըստ նրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ ստանդարտ կարգավորումներ: Ժ. Անդրեասյանի խոսքով՝ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին եւ երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:

«Մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ` հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման, նաեւ հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տեւողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Փոխնախարարը խոսել է նաեւ հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման գործընթացից։ Ըստ նրա՝ գործընթացը կբարելավվի, փոփոխությունների է ենթարկվում դպրոցների ֆինանսավորման կարգը:

Դպրոցների՝ նախկինում սահմանված մեկ սովորողի թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվում է ըստ հաստատության տիպի, իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների։

«Գործող կարգն էական խնդիրներ է առաջացնում փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում: Ցավոք, այդ դպրոցները քիչ չեն մեր հանրապետությունում, հատկապես՝ մարզերում: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն կտա ավելի ճկուն քաղաքականություն վարել եւ դպրոցները պատշաճ  ֆինանսավորել»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ դպրոցների ֆինանսավորումը կարող են խրախուսել նաեւ լրացուցիչ տարբերակներով:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ դպրոցների ֆինանսավորման դրույթը վերաձեւակերպվել է այնպես, որ նախարարությունն ունենա ճկուն գործելու հնարավորություն: Աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորումն, ըստ նախարարի տեղակալի, բերում էր նրան, որ հանրակրթական հաստատությունները փորձում էին դասարանները կազմել աշակերտների առավելագույն թվով:

 

 

 

ՎՆԱՍՆԵՐ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հունվարի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 15.393.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 16 դեպքով հաշվարկվել է 15.343.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Հավելենք, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 1.169.920 ՀՀ դրամ:

 

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Հանրապետության տարածքում հունվարի 26-28-ը, հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հունվարի 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երեւանում՝ հունվարի 26-28-ը, հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:

 

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին հայտնել է  Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Առաջին փուլով նախատեսվում է թեթեւ կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել:  Ֆիննական կացարանների կատարելագործված, արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին  սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութով կառուցվող տները  պատվիրել է տարբեր մոդելներով: Ըստ այդմ, որոշվելու է, թե դրանցից որն է համապատասխանում Արցախի բնակլիմայական պայմաններին ու տեղի պահանջներին: Այնուհետեւ, ըստ ընտրված տարբերակի,  մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 7000 այդպիսի առանձնատուն»,- մանրամասնել է նախարարը: Նրա խոսքով՝ առայսօր պատերազմի հետեւանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունում գրանցվել է 4300 դիմում: «Ընթացքավորվել է շուրջ 2000 դիմում: Ընդ որում, շուրջ 1200 օբյեկտների վերականգնման աշխատանքներն ավարտված են: Մոտ 800 դիմումատուների տրամադրվել է համապատասխան շինանյութ՝ սեփական ուժերով վերանորոգումն իրականացնելու  համար: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետեւանքով վնասված շուրջ 800 օբյեկտում»,- հավելել է նա։

 

 

58 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք, առողջացել է  224 քաղաքացի, մահացել՝ 8-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 779 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 637 544-ի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 094 դեպք, որոնցից 154 932-ը` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է:

 




Լրահոս