«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետախուզում հայտարարելու գործընթացի մասով: Վերջինիցս հետաքրքրվեցինք , թե ինչ նպատակ է հետապնդում այս քայլը, եւ ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը այս իրավիճակում: Ի պատասխան մեր հարցման՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց.
«Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող հետախուզումները հակասում են մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին և դրանք պետք է դիտարկել հայատյացության և թշնամանքի համատեքստում:
Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է Մարդու իրավունքների պաշտպան պնդումները, որ պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։ Հենց այդ քաղաքականության հետևանք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայերի նկատմամբ։
Այս ամենի խորքային պատճառները հիմնավորված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակային զեկույցի ապացույցներով ու դրանց վերլուծությամբ («Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ)»:
Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում հատկապես ունենալով երեխաների»: